Որքա՞ն գումար է պետք Ամանորը միջին մակարդակով նշելու համար
Այսօրվա ասուլիսում՝ խոսելով Ամանորի նախօրեին սպասվող գնաճի մասին՝ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Լուսինե Յաղուբյանը նշեց, որ մեկ-երկու ամսվա ընթացքում իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրական շոշափելի գնաճ չկա. «Սակայն չի բացառվում, որ Ամանորի նախաշեմին որոշ ապրանքների հետ գնաճ կլինի: Ընդհանրապես զարգացած երկրներում բոլոր տոներից առաջ լինում է գների անկում, գործում են զեղչային մի շարք համակարգեր, սակայն, չգիտես ինչու, մի շարք երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, տոների նախօրեին լինում են տարբեր գնաճներ, որոնք պայմանավորված են և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներով»:
Կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ վերջին տվյալների համաձայն՝ հոկտեմբեր ամսվա համեմատ՝ նոյեմբերին որոշակի գնաճ նկատվել է պարենային ապրանքների շրջանում. գնաճն, ըստ նրա, կազմել է 2,6 տոկոս:
Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ Ամանորի նախօրեին ամենաշատը թանկանում են պտուղ-բանջարեղենն ու մսամթերքը, քանի որ դրանք առաջնային գնվելիք ապրանքներն են: Նրա խոսքով՝ ընդեղենի մեջ 7-8 տոկոս թանկացում է նկատվում:
Լուսինե Յաղուբյանը նշեց, որ միջին կարգի Ամանոր նշելու համար մարդկանց անհրաժեշտ է մոտ 50-60 հազար դրամ, սակայն Կարեն Չիլինգարյանը չհամաձայնեց՝ նշելով, որ միջին մակարդակով Ամանորը նշելու համար մարդկանց անհրաժեշտ է մոտ 100 հազար դրամ: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Լուսինե Յաղուբյանը նաև նշեց, որ թոշակների չափն այնքան քիչ է, որ թոշակառուներն Ամանորը նույնիսկ միջին մակարդակով նշելու հնարավորություն չեն ունենա. նրանց ստացած գումարը, ինչպես միշտ, կբավարարի միայն կոմունալ վճարումներ անելու համար:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ ներկայացուցիչները նաև նշեցին, որ անցյալ տարվա նման աժիոտաժ չի լինի՝ կապված զանազան ապրանքների հետ, քանի որ կառավարությունն այս հարցում այժմ շատ ավելի աչալուրջ է: