Բաժիններ՝

Հոլիվուդում «Թափառում» ֆիլմ-օպերան արժանացով «Լավագույն ֆիլմի սցենար» մրցանակին

Օրեր առաջ Հոլիվուդում կայացել է «ARPA» միջազգային մրցանակաբաշխությունը, որտեղ  հայկական «Թափառում» («Wandering») ֆիլմ-օպերան արժանացել է «Լավագույն ֆիլմի սցենար» մրցանակին: Նշենք, որ անցյալ տարի Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, կայացել է ֆիլմ-օպերայի պրեմիերան, որից հետո այն այլևս չի ցուցադրվել:

«Պրեմիերայից հետո ֆիլմը ներկայացվել է մի շարք փառատոների, առաջիկայում նախատեսում ենք ևս մի քանի փառատոնի մասնակցել: Այս մրցանակաբաշխությունում կար երեք նոմինացիա՝ «Ֆիլմի լավագույն ռեժիսոր», «Լավագույն ֆանտաստիկ ֆիլմ» և «Լավագույն սցենարի հեղինակ»:

Ես արժանացա «Լավագույն սցենարի հեղինակ» մրցանակին: Ցավում եմ, որ մրցանակը ես անձամբ չեմ ստացել, այն ստացել է Արման Էլբերտը, ով այդ ժամանակ գտնվում էր ԱՄՆ-ում: Նա  նաև ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր Արամ Սուքիասյանը:

Նրա խոսքով՝ ֆիլմն իր տեսակի մեջ եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: «Այն պատմում է սփյուռքահայի մասին, ով ավտովթարի զոհ է դառնում, և նրա ուղեղը տեղադրում են այդ նույն ժամանակահատվածում մահացած արտասահմանցու գլխում»:

Ըստ ֆիլմի սյուժեի, արտասահմանցին, ում գլխում հայի ուղեղ էր, ժամանակ առ ժամանակ սկսում է խոսել հայերի, հայկական մշակույթի, ցեղասպանության մասին: Իսկ մահացած սփյուռքահային երկնային արքայությունն այդպես էլ չի ընդունում, նա մնում է կյանքի ու մահվան խաչմերուկում, քանի որ, ըստ սցենարի՝ նա ամբողջությամբ չի մահացել՝ իր ուղեղն աշխատում է մեկ ուրիշի գլխում:

«Ֆիլմը, կարծում եմ՝ մինչ Ամանոր կցուցադրվի նաև հայկական հեռուստաալիքներից մեկի եթերով: Կարծում եմ, ինչպես պրեմիերայի դեպքում, այս անգամ ևս, հայ հանդիսատեսն այն կընդունի մեծ հետաքրքրությամբ»,- ասաց Արամ Սուքիասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս