Բաժիններ՝

Ֆիննախ. Շրջանառության հարկի կիրառմամբ հարկային բեռի բարձրացում չի լինի

Շրջանառության հարկի համար ընտրվել են այնպիսի դրույքաչափեր, որպեսզի դրանց կիրառությամբ հարկային բեռի բարձրացվում չլինի և վճարվելիք շրջանառության հարկը գումարային առումով լինի այնքան, որքան տնտեսվարող սուբյեկտները վճարում են ներկայումս՝ հարկման ընդհանուր դաշտում գործելու պայմաններում: Այս մասին նշում է Մեդիամաքսը։

Այդ մասին այսօր ասել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Արման Պողոսյանը:

Կառավարության կողմից հավանության արժանացած և մինչև տարեվերջ խորհրդարանում քվեարկվելիք շրջանառության հարկի մասին օրինագիծը ենթադրում է, որ 2013թ. հունվարի 1-ից նոր հարկատեսակը կփոխարինի ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) և շահութահարկը տարեկան մինչև 58.35 մլն դրամ համախառն եկամուտ (առանց ավելացված արժեքի հարկի) ունեցող տնտեսվարող սուբյեկտների մոտ, և միայն ԱԱՀ-ն՝ անհատ ձեռներեցների և նոտարների մոտ:

Առաջարկվող փոփոխությունն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, քանի որ շրջանառության հարկի դեպքում տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները կհաշվարկվեն միայն իրենց իրացումից հասույթի հիման վրա որոշակի տոկոսադրույքների միջոցով:

«Հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ պարզեցվում է հարկային հաշվառումը և տնտեսվարող սուբյեկտներն այլևս պարտավոր չեն լինի հաշվառելու իրենց կողմից կատարվող ծախսերը, ինչը խնդիրներ է ստեղծում ՓՄՁ-ների մոտ: Նրանք կազատվեն բարդ հարկային հաշվառումից, որն այսօր ստիպված են վարել շահութահարկի կամ եկամտահարկի մասով:

Բացի այդ շրջանառության հարկ վճարողները կազատվեն փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների գծով եկամտահարկ վճարելու պարտավորությունից: Ներկայումս, եթե ձեռքբերումները չեն հիմնավորվում համապատասխան հաշվարկային փաստաթղթերով, ձեռքբերողը ստիպված է վճարել 11% դրույքաչափով եկամտահարկ», – ասել է Արման Պողոսյանը, հավելելով, որ շրջանառության հարկ վճարողները կազատվեն նաև առաքումների գրքերում համապատասխան գրանցումներ կատարելու պարտավորությունից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս