ՀՅԴ-ի համար թեկնածու ունենալն ինքնանպատակ չէ

168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն դեռևս չի հայտնում՝ ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուո՞վ, թե՞ ոչ, ԱԺ ՀԿԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց.

«Պայմանավորված է նախ իրավիճակի փոփոխությամբ: 2007թ. բացարձակապես համամեմատելի չէ 2012թ. իրավիճակի հետ: Մենք գնալով ավելի ու ավելի ընտրական գործընթացների նկատմամբ ժողովրդի անվստահությունը մեծացրել ենք: Սա փաստ է»:

Ա. Ռուստամյանի խոսքով՝ նման իրավիճակ երբևէ չի եղել, որ ժողովուրդն այս աստիճան դեպրեսիվ լինի: «Երկրորդը՝ մենք շտապելու խնդիրներ չենք տեսնում: Սարերի ետևում չեն, բայց նաև կարգ կա, օրենքով սահմանված ընթացք կա: Ի՞նչ իմաստ ունի առաջ ընկնել, եթե շատ խնդիրներ դեռևս չեն լուծվել: Իսկ հիմնական հարցը, որ ուզում ենք լուծել երեկ ձևակերպել ենք մեր գագաթաժողովի ժամանակ:

Եթե ուզում ենք, իսկապես, հույս արթնացնել մեր ժողովրդի մեջ, որևէ բան փոխել, դա պետք է լինի համախմբան միջոցով, և այդ համախմբումը պետք է տեղի ունենա իրական քաղաքական օրակարգի շուրջ»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Ըստ նրա՝ շատ ավելի կարևոր է այդ գործընթացը, քան ինքնանպատակ առաջ ընկնելն ու հայտարարել, թե՝ մենք թեկնածու ունենք:

«Խնդիրն այն է, թե մենք արդյոք կարո՞ղ ենք այս նախագահական ընտրություններն օգտակար գործընթացի վերածել, թե՞ ոչ, արդյոք կլինի՞ հերթական միջոցառումը, որով մեր իշխանությունների վերարտադրումը կանխորոշված է: Ընդհանրապես հարց է՝ իմաստ ունի՞ մասնակցել նման ընտրություններին: Սա է խնդիրը»,- նշեց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս