Ձեր խոսքը մեր գործն է
Մինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բրյուսելում կոշտ հայտարարություններ է անում՝ Հայաստանի իշխանություններին մեղադրելով կոռուպցիայի մեջ, իշխանությունները ձեռքները ծալած չեն նստում։ Սակայն ոչ թե ուղղակի են պատասխանում այդ մեղադրանքներին, այլ՝ անուղղակի կամ գործողություններով։
Այսպես, աշխատանքային օրը դեռ չի ավարտվել, սակայն իշխանությունը տարբեր հարթություններում՝ թե՛ Ազգային ժողովում, թե՛ գործադիրում արդեն հասցրել է անել այնպիսի քայլեր, որոնք կարող են ընկալվել՝ որպես ԲՀԿ առաջնորդին ուղղված պատասխան։
Նախ՝ Ազգային ժողովն այսօր ընդունեց «Շահումով խաղերի և խաղատների մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ու «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին 2010 թ.-ի ապրիլի 27-ի օրենքը չեղյալ ճանաչելու մասին օրենսդրական փաթեթը: Ըստ այդմ, այն խաղատները, որոնք 40 միլիարդ դրամից պակաս ներդրում են արել, կտեղափոխվեն Կոտայքի մարզի՝ Ծաղկաձոր, Վայոց Ձորի մարզի՝ Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի՝ Սևան, Սյունիքի մարզի Մեղրի համայնքներ։ Սակայն դա կլինի մեկ տարի ուշ՝ ոչ թե 2013, այլ 2014 թվականի հունվարի 1-ից։ Օրենքն անմիջականորեն Գագիկ Ծառուկյանի դեմ չէ ուղղված, սակայն բխում է նրանից դժգոհ մնացածների շահերից։ Մասնավորապես, այն գործարարների, ովքեր խաղատներ ունեն Երևան-Սևան մայրուղու երևանամերձ հատվածում։ 168.am-ն արդեն գրել է այն մասին, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի համաձայն, դրանք բոլորը պետք է տեղափոխվեին մարզեր, իսկ տարածքում կմնար միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող հսկա զվարճալիքների համալիրը (բուրգերի տեսքով), քանի որ այնտեղ կատարվել է 40 միլիարդ դրամի ներդրում։ Մյուս խաղատների սեփականատերերը դժգոհել էին, որ նա կդառնա մոնոպոլիստ, և իշխանությունն ընդառաջ էր գնացել նրանց խնդրանքին՝ այն բավարարելով արդեն օրենքի տեսքով։
Երկրորդ «մեսիջն» ուղարկվեց կառավարության կողմից։ Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է չորս որոշում, որոնք ուղղված են սոցիալական, մասնավորապես՝ առողջապահական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Իհարկե, առողջապահության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի մասին սկսել են բուռն կերպով խոսել դեռ 2 ամիս առաջ։ Սա ավելի շատ հիշեցման իմաստ ուներ՝ հաշվի առնելով, որ այդ ոլորտը երկար տարիներ տնօրինել է ԲՀԿ-ն։
Մի խոսքով, իշխանությունն առայժմ կտրուկ հայտարարություններից և գործողություններից զերծ է մնում՝ գործի դնելով իր երեք թևերից երկուսը։ Սակայն արդեն կարելի է ուրվագծվել, թե ինչ հնարավոր «պատասխաններ» կարող են լինել, եթե Ծառուկյանը պաշտոնապես առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։