«Երբ կառավարող սուբյեկտը լինի՝ ինքը պետք է պատասխան տա փչացածի համար»
««Քարերի սիմֆոնիան» հիմա արտահերթ կարգով մտցվում է աշխատանքի մեջ, այդ մեկը հաստատ եմ ասում, այն չի սպասի ֆինանսավորման կամ այլ բանի, կարվի, այդ խնդիրը կլուծվի: Հենց որ այն ունենա իր անձնագիրը, պարզ լինի՝ ով է այն կառավարելու, այդ հարցի լուծումը, պատասխանատվությունը կտրվի անպայման: Ինձ թվում է` նախարարությունը տրամադրված է արագ լուծելու հարցը:
Այդ խնդիրն արդեն բարձրացվել է նախարարի կողմից, հանձնարարականները տրվել են, որ շատ արագ ընթացք տան «Քարերի սիմֆոնիային»»,- այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Զիկատար» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գուլիջանյանը՝ անդրադառնալով «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի շուրջ ծավալված իրադարձություններին:
Հարցին՝ որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ բնության հուշարձանների անձնագրավորումից հետո դրանց այլևս վնաս չի հասցվի, Գուլիջանյանը պատասխանեց. «Այնտեղ խնդիրների լուծումն է տրվում: Եթե կառավարման մեխանիզմը կա, անձնագիրը կա, և տվյալ կառավարող սուբյեկտը կա, թե ով պետք է կառավարի, ով պետք է պատասխան տա դրա համար, պատասխանատվության զգացում կա արդեն: Ինքը պետք է պատասխան տա փչացածի համար, ինքը հանձն է վերցնելու»: