Ծառուկյանը Լևոնի դիմակներից մեկն է

«Եթե 2007-2008-ին մենք ունեինք բուն Գագիկ Ծառուկյան, ապա հիմա մենք ունենք պսևդո-Լևոն Տեր-Պետրոսյան, որը կայանում է մի դաշտում, գրավում է մի դաշտ, որը անհասանելի էր Կոնգրեսի առաջնորդի համար, այն է` մարդկանց անգիտակցականը, հանկարծահաս բարգավաճման միֆը, քաջնազարությունը»,- 168.am-ին տված հարցազրույցում ասել է թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանը` անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը ու դրանում Գագիկ Ծառուկյանի դերակատարմանը:

«Նա Լևոնի կերպարի տրոհման հետևանք է, նրանից առաջացած մասնավոր դիմակներից մեկը»,- ասել է Արա Նեդոլյանը, ում կարծիքով` ՀԱԿ առաջնորդի մտահղացման իմաստն է` «գործիքավորել Գագիկ Ծառուկյանին, իրեն սառցահատ դարձնել, ու, պետք եղած պահին, սրընթաց ապամոնտաժել»:

Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության համատեքստում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերակատարությանը, թատերագետն ասել է. «1996թ. Ազգային ժողովի դիմաց կանգնել էի Վազգեն Մանուկյանի դրոշների տակ, սակայն այն ժամանակ ասում էի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լավ նախագահ չէ, բայց նա կլինի փայլուն ընդդիմադիր: Քաղաքական գործիքակազմի մեջ ներառվում է նաև տաղանդն ու միտքը: Այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Գագիկ Ծառուկյանը բավականին բութ գործիքներ են, սակայն, այնուամենայնիվ, պետք է կիրառվեն»:

Արա Նեդոլյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս