Տիգրան Սարգսյանը հրաժարվում է խոսել այն մասին, թե որտեղ է լինելու 2013թ.
Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեցին՝ վստա՞հ եք, որ 2013թ.՝ նախագահական ընտրություններից հետո, Դուք կմնաք վարչապետի պաշտոնում, և որտե՞ղ եք Ձեզ տեսնում նախագահական ընտրություններից հետո:
«Ես, ճիշտն ասած, կզարմանայի, եթե այս հարցը չհնչեր, որովհետև ամեն հանդիպման ժամանակ այս հարցը հնչում է, պատասխանը նույնն է»,- ասաց նա:
Լրագրողների մեկը՝ մեջբերելով վերջերս հրապարակված մի քանի պաշտոնական ցուցանիշներ, ինչպես օրինակ, աղքատության ցուցանիշի աճը, ներդրումների ծավալների նվազումը` հարցրեց վարչապետին, թե արդյոք այսքանից հետո ճի՞շտ չէր լինի, եթե ՀՀ կառավարությունը հրաժարական ներկայացներ, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ ընդհանրապես չառաջադրեր իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
Այս հարցադրումներին ի պատասխան, Տ. Սարգսյանն ասաց. «Դուք շատ հետևողական եք Ձեր հարցերում, և ուրախ եմ, որ լավ հիշողություն ունեք: Ուզում եմ ասել, որ համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ: Ինչպես նախորդ անգամ նշեցի, այս անգամ էլ ուզում եմ նշել և խորհուրդ կտայի Ձեզ, որ Դուք հիշատակեիք ոչ միայն այդ ցուցանիշները, որոնք արձանագրում են վատթարացում, այլև այն ցուցանիշները, որոնք արձանագրում են առաջընթաց, որպեսզի լինեք օբյեկտիվ: Եվ այդ պարագայում, կարծում եմ, կարող եք գտնել պատճառներ, թե ինչո՞ւ մեր քաղաքական թիմը պետք է շարունակի այս ծրագրի իրականացումը, որը պառլամենտական ընտրություններին ստացավ ժողովրդի համաձայնությունը և մեր ժողովրդի կողմից, ըստ էության, տրվեց հստակ գնահատական»: