Ինչո՞ւ ոստիկանությունը որևէ կերպ չի կողմնորոշվում Սերժ Սարգսյանի եղբորորդու «արեմտյան թրիլերի» մասին. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ՀՀ կառավարությանը, ասաց.

«Պարոնայք կառավարության անդամներ, հայ հնարությունը, կարծում եմ, մեծապես տպավորվեց, երբ տեսավ թե ինչպես Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը, որը կառավարությանն առընթեր մարմին է, բացահայտեց դեռևս 90-ականներին տեղի ունեցած ԱԶԼԿ Մոսկվիչի հետ կապված գողությունը: Ամեն օր մեր հանրությունը տեսնում է, թե ինչպես է պարոն Գասպարյանը խոսում բոլոր մարդկանց հավասարության մասին օրենքի առաջ:

Այս ամենը, լավ է, իհարկե, բայց օրերս, վերջին շրջանում մամուլում հրապարալումներ կան, որ Սերժ Սարգսյանի եղբոր որդին Երևան քաղաքում հանդես է եկել կրակոցներով և արևմտյան թրիլերին հատուկ իրադարձություններ կառուցել: Պարոն Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը որևէ կերպ չի կարողանում կողմնորոշվել այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումներում և պատասխաններում: Մինչդեռ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը շատ հստակ սահմանում է, թե տվյալ դեպքում ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ ձեռնարկել: Հարցս հետևյալն է՝ ի՞նչ նոր տեղեկություններ կարող եք տալ»:

Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը պատասխանեց ՀՀ արդարատության նախարար Հրայր Թովմասյանը. «Հանցագործությունն անկախ իր ծավալից, անկախ Քրեական օրենսգրքում զբաղեցրած տեղից, հանցագործությունը և բացահայտումը լինի ուշ, թե շուտ, դա հատուկ արված չէ, որ որոշել ենք այս մի իրողության մասին ինֆորմացիա տարածենք և որպես լավ աշխատանք՝ նշել: Հանցագործության բացահայտումն ունի տասնյակ այլ ֆունկցիա և էդ մեկ բացահայտումը պետք է ուրախալի լինի՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է կատարվել այն և ինչ է կատարվել:

Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված գործին, ապա պետք է ասեմ, որ պաշտոնական հաղորդագրություն հանցագործության մասին չկա և մյուս կողմից կարող եք պնդել, որ մամուլում եղել են հրապարակումներ և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում»:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ նշյալ գործի այն մասը, որը գաղտնիք չի պարունակում, կարող են տրամադրել պատգամավորին:

Նիկոլ Փաշինյանը դարձյալ հարց ուղղեց՝ հետաքրքրվելով. «Դուք հաստատո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանի եղբոր որդին կրակոցներով է հանդես եկել»: Նա  նաև նշեց, որ մամուլի հրապարակումների հիմնա վրա ևս ընդունված է քրեական գործ հարուցել, և եթե կրակոցներ եղել են անգամ օդում, ապա դա ևս վկայում է հանցագործության մասին՝ անկախ այն հանգամանքից՝ տուժող եղե՞լ է, թե՞ ոչ:

«Ձեր մեկնաբանության պարագայում նման հետևություններ դժվար էր անել, որ ես հաստատեցի, որ ինչ-որ մեկը կրակել և այլն»:

Տեսանյութեր

Լրահոս