
Արմատախիլ արած հսկայական արծաթափայլ եղևնիները տեղափոխվեցին գիշերային ակումբի սեփականատիրոջ տուն (լուսանկարներ)

Բնապահպանության նախարարությունը ամեն անգամ հանրությանը ներկայացնում է, թե խստացվել է պայքարը անտառահատումների դեմ: Ու այնպիսի խիստ ձևով են աշխատում, որ նույնիսկ հավքն իր թևքով, օձն իր պորտով չի կարող անտառում ծառահատումներ անել:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են երկու բեռնատար ավտոմեքենաներով Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի Քոչարյան փողոց տեղափոխում արմատախիլ եղած հսկայական եղեևնիներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եղևնիներից մեկը կանգնեցվեց նախապես փորված փոսում՝ կիսակառույց սեփական տան բակում:
Կիսակառույցի հարևանությամբ բնակվողները պատմեցին, որ նշված շինությունը պատկանում է «Էլլա» գիշերային ակումբի սեփականատեր Էդոյին: Բակում կայանված էր նաև «Ռենջ Ռովեր» մակնիշի 50 ՏՕ 006 համարանիշի ավտոմեքենան:
Ի դեպ, կիսակառույցի ետնամասում արդեն տնկված էին մի քանի արծաթափայլ եղևնիներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Բնապահպանության նախարարություն չի փորձում դիմել, քանի որ հերթական անգամ անհասկանալի պարզաբանումներ կստանա: