Դատարանը հրապարակեց առերես հարցաքննության ու ճանաչման արձանագրությունները

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի գործով» դատավարությունը, որտեղ դատարանը հրապարակեց առերես հարցաքննության ու ճանաչման արձանագրությունները:

Հարցին, թե՝ ճանաչո՞ւմ եք արդյոք Արման Խաչատրյանին, տուժող Էդգար Նիկոյանը պատասխանեց, որ ճանաչում է և նրան տեսել է դեպքի օրը՝ ավտոկայանատեղիում կանգնած,  հետո նրա ընկերները ծեծի են ենթարկել իր ընկերներին: Արման Խաչատրյանն առերես հարցաքննության ընթացքում ի պատասխան ասել է, որ  Էդգար Նիկոյանը ճիշտ է ասում, ինքը եղել է այնտեղ կանգնած, բայց ոչ մեկի  ինքը չի հարվածել:

Ճանաչման արձանագրությունում նշված է, որ  տուժող Նիկոյանին ճանաչման են ներկայացվել 4 անձիք (ամբաստանյալ Արման Խաչատրյանն իր ցանկությամբ կանգնած է եղել ձախից չորրորդը): Նիկոյանը հայտնել է, որ ճանաչում է շարքում ձախից չորրորդը կանգնած տղամարդուն, նրան տեսել է 2012-ի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծկռտուքի, վիճաբանության ժամանակ: Չի տեսել որևէ մեկին հարվածելիս, նա եղել է հանգիստ կանգնած, ստույգ չի տեսել: Նրան ճանաչել է տեսքից:

Ամբաստանյալ Արման Խաչատրյանը դատավարության ընթացքում հնչեցրեց հետևյալ հարցը. «Եթե դուք ասել եք, որ ծեծկռտուքի ժամանակ ինձ տեսել եք հանգիստ վիճակում, ինչո՞ւ այժմ չեք ասում, որ հանգիստ կանգնած եմ եղել»:

Էդգար Նիկոյանը ևս մեկ անգամ նշեց, որ ինքը կռվի ժամանակ ոչ մեկին չի տեսել, իսկ ծեծկռտուք ասելով էլ ինքն այն ժամանակ նկատի է ունեցել մինչև ծեծկտուքի սկիզբը:

Պատասխանելով մեղադրող Արթուր Դավթյանի հարցին՝ դատավարության ընթացքում Էդգար Նիկոյանը նշեց, որ Արմանին տեսել է մինչ ծեծկռտուքի սկսելը: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ տուժողը հայտնել է, որ Արման Խաչատրյանի ընկերները ծեծի են ենթարկել իրեն, տուժողը պատասխանեց. «Ես ուղղակի բառերի վրա չեմ ֆիքսվել այդ ժամանակ»:

«Քանի որ ծեծի ժամանակ բոլորը եղել են շարժի մեջ, ըստ դրա՝ իմ եզրակացությունն այն է, որ բոլորն էլ եղել են ծեծողների մեջ»,- ասաց Էդգար Նիկոյանը՝ պատասխանելով գործով մեղադրյալ Արման Բաղասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին՝ ինչո՞ւ է հիմա տուժողը պնդում, որ Արման Բաղդասարյանը եղել է իրենց ծեծի ենթարկող անձանց մեջ:

Դատարանում այժմ ընդմիջում է հայտարարված, որի ավարտից հետո կսկսվի տուժող Արկադի Աղաջանյանի հարցաքննությունը:

Տեսանյութեր

Լրահոս