Արարատի մարզի բնակիչը Odnoklassniki-ում վերբեռնել է աղջիկների լուսանկարներ և դարձրել դրանք պոռնոգրաֆիկ բնույթի
Արարատի մարզի բնակիչ Ի. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ մարտ ամսին գործով չպարզված օրը, գումար շորթելու նպատակով Odnoklassniki.ru սոցիալական ցանցում «բուբու կուկու 123 21 գոդ, Էջմիածին Արմենիա, Ռոսիա» պայմանական անվամբ գրանցված անվանական էջից մուտք է գործել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակչուհի Ա. Ասիլբեկյանի` նույն սոցիալական ցանցում գտնվող անձնական էջ, վերջինիս թվով 5 լուսանկարները վերբեռնել և տեղադրել է իր անձնական էջում, որից հետո վերջինիս հաղորդակցություն է ուղարկել և նրա մասին արատավորող տեղեկություններ տարածելու, մասնավորապես` նկարները մոնտաժելու, պոռնոգրաֆիկ բնույթի դարձնելու և համացանցի սպառնալիքով Ա. Ասիլբեկյանից պահանջել է 1 հատ 1000 դրամ արժողության բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորման քարտ:
Բացի այդ, 2012թ մայիսի սկզբին, չպարզված օրը, դարձյալ գումար շորթելու դիտավորությամբ, նույն սոցիալական ցանցի իր անձնական էջից մուտք է գործել Երևան քաղաքի բնակչուհի Գ. Մինասյանի անձնական էջ, այնտողից վերբեռնել վերջինիս դստեր Ս. Մ.-ի թվով 6 լուսանկարները, տեղադրել իր անձնական էջում և հաղորդակցություն էր ուղարկել Գ. Մինասյանին և նրա մասին արատավորող տեղեկություններ տարածելու, մասնավորապես` նկարները մոնտաժելու պոռնկագրական բնույթի դարձնելու և համացանցում տարածելու սպառնալիքով նրանից պահանջել է և ստացել է 20 հատ 1000 դրամ արժողության բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորման քարտ:
Այս մասին տեղեկացնում է դատական դեպարտամենտի պաշտոնական կայք էջը:
Դատական քննությունը շարունակվում է: