
Սուրենյանցի գործով դատական նիստը հետաձգվեց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր Սուրեն Սուրենյանցի պաշտպանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 12-ը:
Սուրենյանցը «Pastinfo.am»-ի հետ զրույցում նշեց, որ իսկապես վերցրել է գումարը և չի վիճարկում: Վերջինիս համոզմամբ՝ գործի մեջ քրեական էլեմենտներ չկան և քանի որ իր կարծիքով ոստիկանության Արաբկիր բաժնի քննիչը ոչ իրավաչափ է գործել, Սուրենյանցը ցանկացել է, որ գործում ներգրավվի փաստաբան իր իրավունքներն առավելագույնս պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 դրամ գումարին։
Սուրենյանցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: