«Սերժ Սարգսյանը շատ կուզենա, որ Ծառուկյանը դնի իր թեկնածությունը»
ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ, Հայ ազգային կոնգրեսի համակիր Շահեն Պետրոսյանը 168.am-ի հետ հարցազրույցում՝ խոսելով 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների մասին, կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը կարող է վերահսկել ընտրությունները, քանի որ ունի տեղեր ընտրական հանձնաժողովներում. «Այսօր կա իրական ընդդիմություն` նաև ներկայացված խորհրդարանում: Թող հսկեն և տան ընտրությունների իրական թվերը»:
Միաժամանակ նա գտնում է, որ ներկա պայմաններում առավել ճիշտ որոշումն ընտրությունները բոյկոտելն է, քանի որ ժողովուրդը պատրաստ չէ իշխանափոխության:
«Եթե միայն Սերժ Սարգսյանը լինի թեկնածու, պատկերացնո՞ւմ եք, որ ինչ-որ մեկը գնա ընտրության: Ոչ ոք չի նա, գնում է` ի՞նչ անի, չկա ընտրություն: Թող Նազարբաևի, Ալիևի կամ Թուրքմենբաշու օրն ընկնի, վե´րջ,- ասաց նա` միաժամանակ նշելով,- Սերժ Սարգսյանը շատ կուզենա, որ Ծառուկյանը դնի իր թեկնածությունը, և համոզում է նրան, որ դնի իր թեկնածությունը»:
Իսկ ի պատասխան մեր դիտարկմանը, որ այդ տեսակետի հակառակորդները կարծում են, թե դժվար իշխանությունը ցանկանար այդպիսի մրցակից «սարքել իր գլխին», Շ.Պետրոսյանն ասաց. «Ինքը կսարքի, ինքն էլ կկեղծի և կգա համաձայնության 60/40 տոկոս հարաբերությամբ. «ապեր ջան, 40 տոկոսը քեզ, մյուս դասին` 2018 թվին դու կլինես»: Այդ պատճառով` կարծում եմ` Ծառուկյանը շատ անհարմար վիճակում կհայտնվի, եթե դնի իր թեկնածությունը»:
Շահեն Պետրոսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 ժամի» վաղվա տպագիր համարում: