Մհեր Սեդրակյանը՝ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրման մասին
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀԱԿ-ի կողմից ԱԺ ներկայացվող հակամենաշնորհային փաթեթի մասին:
«Երևի էդ հարցն ինձ չվերաբերվող հարց ա: Եկեք ես էդ հարցին չպատասխանեմ»,- ասաց Մ. Սեդրակյանը:
Իսկ մեր հաջորդ հարցին, թե դե՞մ եք մեր երկրում մենաշնորհի վերացմանը, նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ով դեմ ա, ով կողմ ա, բայց դա ինձ չի վերաբերում: Ես ոչ մեկի կյանքով չեմ հետաքրքրվում»:
Մեր դիտարկմանը, թե՝ ինչպե՞ս այն Ձեզ չի վերաբերում, չէ՞ որ Դուք պատգամավոր եք, պետք է դիրքորոշում ունենաք այդ հարցում, Մհեր Սեդրակյանն այսպես արձագանքեց. «Դե ինձ չվերաբերվող հարց ա, ոչ էլ իմ ասելով ինչ-որ բան ա փոխվելու, նույնիսկ որ ասեմ՝ այո կամ ոչ»:
Հարցին, թե մի՞թե այդքան անզոր եք՝ լինելով ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունից, Մհեր Սեդրակյանը պատասխանեց. «Մեծամասնությունից եմ, ամեն դեպքում դա հարց չի, որ ես պատասխանեմ»:
Հարցին էլ, թե չե՞ք ուզում վիրավորել Ձեր գործընկերներին՝ նա պատասխանեց. «Վիրավորելու խնդիր չկա էստեղ, բայց ամեն տեղ էլ կա և կլինի: Ես դրա համար չեմ ուզում խոսել և պատասխանել: Գնացեք նրանց հարցրեք, ով ունի էդ մենաշնորհները»:
Մ. Սեդրակյանից նաև հետաքրքրվեցինք՝ հնարավոր համարո՞ւմ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջադրումը նախագահական ընտրություններում, և ինչպե՞ս է նա գնահատում Գ. Ծառուկյանի հնարավորությունները:
«Էդ հարցը օրակարգում է, կարող է առաջադրվի, կարող է չառաջադրվի: Դա իրա խնդիրն ա: Եթե ինքն իրա ուժերն ընդունում ա, գնահատում ա, որ էդքան կա, կարող է առաջադրվել»: