Հովիկ Աբրահամյանի պարտիան

Մինչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ներկայացուցչական այցով գտնվում է Բրյուսելում, ԱԺ նախագահ, Գ. Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը կասկած է հայտնում, որ նա կարող է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: «Ճիշտն ասած, ես դեռ չեմ էլ մտածել, որ Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Ի պատասխան հարցի` արդյոք Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է դառնալ ընդդիմության միասնական թեկնածու, Հովիկ Աբրահամյանն ասել է. «Երկրորդ քայլի մասին (միասնական թեկնածու լինելու մասին.- Ռ.Տ.-Ս.) իրոք չէի էլ մտածել: Ինքը վերջնական որոշում դեռ չի կայացրել, եթե կայացներ՝ անպայման տեղյակ կլինեինք»:

Այսպիսով, մինչ հանրությունը, քաղաքական ուժերը սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը, նրա խնամին՝ ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ի հարաբերությունները պահպանող Հովիկ Աբրահամյանը, մեղմ ասած, տարակուսանք է հայտնում, որ ԲՀԿ նախագահը կարող է առաջադրել իր թեկնածությունը:

Ակնհայտ է, որ այս լարված փուլում Հովիկ Աբրահամյանը շատ որոշակի նպատակներով է հարցազրույց տվել, էլ ավելի որոշակի նպատակներով՝ «մեսիջներ» է հղել թե՛ Գագիկ Ծառուկյանին, թե՛ Սերժ Սարգսյանին:

Նախ՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծված կերպով իր հավատարմությունն է արտահայտում Սերժ Սարգսյանին: «Եթե առաջադրվի Գագիկ Ծառուկյանը, ապա ես հստակ և իմ ամբողջ ուժերով պաշտպանելու եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը և ամեն ինչ անելու եմ, որ մեր թեկնածուն հաղթի»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը: Այսինքն` նա, ի լուր աշխարհի և Սերժ Սարգսյանի, հայտարարում է, որ Ծառուկյանի առաջադրման դեպքում է՛լ ավելի ջանասիրաբար կաշխատի Սերժ Սարգսյանի հաղթանակի համար, անհրաժեշտության դեպքում` այդ հաղթանակը կապահովի նաև Գ. Ծառուկյանի դեմ պայքարելով: Ու երբ այս համատեքստում Հ. Աբրահամյանն ասում է, թե՝ «չեմ էլ մտածել», թե Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել, նա ԲՀԿ նախագահին ակնարկում է` «ինձ վրա հույս չդնես»:

Միևնույն ժամանակ՝ իրեն ապահովագրում է սեփական կուսակիցների ու Սերժ Սարգսյանի հնարավոր կասկածներից` ակնարկելով, որ, եթե անգամ Ծառուկյանն առաջադրվի, ապա դա լինելու է միայն նրա որոշումը, և այդ հարցում «իր մատը խառը» չէ:

Ընդ որում, Հ. Աբրահամյանը բավական բազմանշանակ տոնով հայտարարում է, թե կարծում է, որ դա չի ազդի իր և Ծառուկյանի բարեկամության վրա: «Բարեկամության վրա, կարծում եմ, չի ազդի: Այս դեպքն այդ դեպքը չի, քանի որ կուսակցության որոշումով եմ ես այսօր աշխատում ԱԺ նախագահ, կուսակցությունն է ինձ առաջադրել և պաշտպանել: Դա հանրապետության նախագահի, կուսակցության ղեկավարի ցանկությունն է եղել և առաջարկն է եղել:

Ի սկզբանե, ես որևէ պարտավորություն չունեմ ԲՀԿ-ի նկատմամբ, իմ բոլոր պարտավորությունները ՀՀԿ-ի և նրա ղեկավարի նկատմամբ են»,- ասում է ԱԺ նախագահը: Հ. Աբրահամյանը չի ասում, թե՝ վստահ եմ, համոզված եմ, որ որևէ քաղաքական իրադարձություն չի կարող ազդել բարեկամության վրա, այն անխախտ է ու անխոցելի: Նա ասում է, թե կարծում է, որ չի ազդի: Այսինքն` ակնարկում է, որ վատթարագույն դեպքում Ս. Սարգսյանին կսատարի անգամ բարեկամության հաշվին:

Հ. Աբրահամյանի այս հայտարարություններին, իհարկե, պետք չէ միարժեք վերաբերվել: Բացառված չէ, որ դրանք միանգամայն այլ` ճիշտ հակառակ նպատակն են հետապնդում: Այսինքն` բացառված չէ, որ իրականում «խաղալով Գագիկ Ծառուկյանի» կողմից, այսկերպ ԱԺ նախագահն իր համար այլուրեքություն է ապահովում` ՀՀԿ-ականների «գլխի տակ փափուկ բարձ դնելու» և վճռական պահին Ծառուկյանի օգտին քայլ անելու մղումով: Հայաստանյան քաղաքական իրողությունների պայմաններում՝ այս զարգացումներն առնվազն պետք չէ բացառել: Դրանից Հ. Աբրահամյանին կարող է հետ պահել միայն մտահոգությունը, վախը, որ Ծառուկյանի պարտության դեպքում կարող է կորցնել շատ ավելին, քան նրա տեսական հաղթանակի պարագայում:

Անկախ ամեն ինչից, Հովիկ Աբրահամյանը հերթական կարևորագույն քաղաքական գործընթացում, այսպես կոչված, «ջոկերի» դերակատարություն ստանձնելու հերթական հայտն է ներկայացնում: Նա գրեթե պարզ հասկացնում է, որ քաղաքական իրադարձությունների բուռն զարգացման դեպքում կարող է անցնել հաղթողի կողմը: Նա ի սկզբանե փորձում է ապահովել իր տեղը հաղթողի կողքին: Անկախ նրանից, թե ով կլինի այն:

Տեսանյութեր

Լրահոս