«Պրագա» հյուրանոցում թմրամոլների որջ դարձած սենյակը իրենց իսկ ձեռքով պայթեց (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի 11 շենքում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով վնասվել է թիվ 125 սենյակի գլխավոր մուտքի դուռը, կոտրվել են պատուհանների ապակիները և վնասվել են պատերը՝ առաջացել են ճաքեր:

Դեպքը տեղի է ունեցել դեռ ԽՍՀՄ տարիներից հայտնի «Պրագա», իսկ այժմ՝ «Արաբկիր» 6 հարկանի հյուրանոցի 2-րդ հարկում: Այնտեղ հիմնականում բնակվում են փախստականներ: Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ պայթյունն առաջացել է նշված սենյակում թմրամոլությամբ զբաղվող անձանց կողմից, երբ վերջիններս էլեկտրական ջեռոցի վրա փորձել են բենզինով թմրանյութ պատրաստել:

Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ նրանք բազմիցս դիմել են իրավապահ մարմիններին: Թմրամոլներից մոտ 10 օր ազատվելուց հետո նրանք նորից հայտնվել են:

Այս պահին ժամանել են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը:

Տեղում են նաև ՀՀ ԱԻՆ փրկարարական ջոկատը՝ երկու մարտական հաշվարկով: Ժամանել են նաև 1-03 ծառայության բրիգադը: Նշված սենյակում արդեն աշխատում են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը, որոնք սենյակում հայտնաբերել են ներարկիչներ, էմալապատ ափսեներ, որի մեջ թմրանյութ է պատրաստվել, իսկ սենյակում տիրել է հակասանիտարական վիճակ:

Արդեն դեպքի վայր են ժամանում փորձագետները: Այս պահին Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը փորձում է պարզել այն անձանց ինքնությունները, որոնք եղել են սենյակում: Նրանք, ըստ տեղեկությունների 2-3 հոգի են:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս