Կառավարությունն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի
Այսօր ԱԺ պատգամավորները քննարկեցին կառավարության ներկայացրած 2013թ. բյուջեի վերջնական նախագիծը: Նորություններ քաղաքական ուժերի դիրքորոշումներում չեղան, եթե չհաշվենք ԲՀԿ-ին, որն այսօր որևէ դիրքորոշում չներկայացրեց: ԲՀԿ խմբակցության անունից որևէ մեկը ելույթ չունեցավ, մինչդեռ բյուջեի նախնական տարբերակի քննարկման ժամանակ բոցաշունչ տեքստով հանդես եկավ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու բյուջեին:
Այսօր, երբ ԱԺ-ն քննարկում է բյուջեի վերջնական տարբերակը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, մեկնել է Բրյուսել: Հասկանալի է, որ այնտեղ կայանալիք հանդիպումներն ավելի կարևոր են, քան պետական բյուջեի քննարկումները: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ խմբակցությունը բյուջեի նկատմամբ տեսակետ չներկայացրեց, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ իրենց տեսակետը կներկայացնեն վաղը: Վաղը բյուջեի քննարկում չի լինելու, լինելու է քվեարկություն, հնարավոր է, որ ԲՀԿ-ն քվեարկությամբ ներկայացնի տեսակետը:
Փոքր-ինչ տարօրինակ էր ՀՀԿ-ի պահվածքը, որը, ի տարբերություն նախորդ տարիների, որոշակի, թեկուզ՝ թույլ և աննշան, բայց դժգոհություն հայտնեց ներկայացված բյուջեի նախագծից: Նախ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին մեղադրեց ԱԺ կանոնակարգ-օրենքը խախտելու մեջ, քանի որ կառավարությունը բյուջեով համապատասխան միջոցներ չի տրամադրել ԱԺ հայտարարությունները և կառավարության հետ հարցուպատասխանը հեռարձակելու համար, ինչը նախատեսված է օրենքով:
Հետո էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք նեղացած և վիրավորված են, որ կառավարությունը գումարներ չտվեց խորհրդարանին` ներկայացուցչական ծախսերի համար, որը հնարավորություն կտար ԱԺ-ին՝ զբաղվել խորհրդարանական դիվանագիտությամբ, պատվիրակություններ հրավիրել: Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ կառավարությունն իրենց պահանջին պատասխանել է` ոչ: «Մենք մինչև վերջ պայքարելու ենք և այդ գումարները ստանալու ենք»,- վճռական տոնով հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Չնայած՝ նեղացած և վիրավորված, Գալուստ Սահակյանը փորձեց բյուջեի ընդդիմախոսներին համոզել կողմ քվեարկել դրան, և դիմելով նրանց՝ հարցրեց. «Բյուջեում հեչ լավ բան չկա՞: Չասենք՝ բյուջեն վատն է, բյուջեն բավարար չէ»:
Ստացվում է, որ Գալուստ Սահակյանը բյուջեում լավ բաներ է տեսել, հնարավոր է՝ շատ աննշան, և հանուն դրանց՝ որոշել է կողմ քվեարկել դրան: Թե որոնք են այդ դրական կողմերը, նա չնշեց, բայց բացասականի և իրեն չբավարարողի մասին խոսեց կոնկրետ: Նեղացած ու վիրավորված, ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին: Կողմ է քվեարկելու նաև ՕԵԿ-ը, որի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը նույնպես համարում է, որ չնայած բյուջեն չի լուծում բոլոր խնդիրները, բայց կա որոշակի առաջընթաց:
Մնացած խմբակցությունների դիրքորոշումը չի փոխվել: «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու, քանի որ կառավարության տնտեսական քաղաքականությունը չի լուծում երկրի առաջ ծառացած խնդիրները: ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը համարում է, որ բյուջեն մենաշնորհված է կառավարության կողմից, և նույնիսկ ԱԺ մեծամասնության ներկայացուցիչների կողմից ներկայացված աննշան առաջարկությունները կառավարության կողմից չեն ընդունվել:
«Ամենավատ բանը, որ կարող է սպառնալ մեր երկրին, դա պետականության կորուստն է»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը, նկատի ունենալով, որ կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը կարող է նման հետևանքներ ունենալ, և հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին:
ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը բազմաթիվ թվային տվյալներ ներկայացրեց, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ կառավարությունը չի կարողանում հավասար և արդար հարկային քաղաքականություն իրականացնել: Նա հայտարարեց. «Բոլորից վերցնել այն, ինչ բոլորը պարտավոր են մուծել»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ ընդդիմության քննադատությունն իրենց համար օգտակար է, քանի որ այն օգնում է իրենց համաձայնության հասնել: Նա անդրադարձավ հնչած մի քանի կոնկրետ մեղադրանքների:
Օրինակ՝ հայտարարեց, որ բյուջեի դեֆիցիտի կրճատումն իրականացվում է արտաքին և ներքին պարտքը չավելացնելու համար, վերանորոգվող դպրոցների ցանկը չեն մեծացնում, որովհետև պատրաստվում են Հայաստանի դոնոր երկրների կոնֆերանսի ժամանակ այդ հարցը ներկայացնել փաթեթով, քանի որ ծայրահեղ վատ վիճակում գտնվող 300 դպրոցների հիմնանորոգման համար անհրաժեշտ է կես միլիարդ դոլար, իսկ անդրադառնալով կոռուպցիայի և ստվերայնության դեմ պայքարին՝ հայտարարեց, որ պատրաստ են խորհրդարանի հետ աշխատել և իրականացնել օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնք կլուծեն վերը շարադրված խնդիրները:
2013թ. նախընտրական տարվա համար կառավարությունը ներկայացրել է մի բյուջե, որի մասին որևէ լավ խոսք չեն կարողանում ասել ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունները, այլ նույնիսկ իշխող ՀՀԿ-ականները: Կառավարությունը ներկայացրել է մի բյուջե, որում որևէ մեկի կյանքը բարելավելու խոստում չկա, և ընդհակառակը՝ եթե նկատի ունենանք սպասվող գնաճը, մարդկանց սոցիալական վիճակն ավելի է վատանալու:
Կարող է տարօրինակ հնչել, բայց կառավարության ներկայացրած բյուջեի նախագծից տպավորություն է ստացվում, որ կառավարությունն աշխատում է՝ ընդդեմ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի: Անցած տարի բյուջեի նախագիծն անցավ 66 սահմանային կողմ ձայնով: Հիմա ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան ավելի շատ ձայն ունի խորհրդարանում, չնայած բյուջեի օգտին կողմ քվեարկել ցանկացողների թիվն անհամեմատ պակասել է: