Մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանին ասել են. «դուրս գաս՝ կխփենք»

Այսօր մամուլի ասուլիսում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` ի պատասխան հարցին, թե իշխանությունը պետք է ժողովրդին փողոց հանի՞, ասաց. «Չէ, փողոց հանողները կան, հանում, թողնում գնում են»:

Ի պատասխան այս ռեպլիկին Հայ ազգային կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Քեզ ասեմ. չգիտեմ` դու ավտոմատով էիր կրակում, թե ինչ էիր անում, ես երբ փողոց եմ դուրս եկել, մինչև 3 անց կես այնտեղ եմ եղել ու ոչ մի տեղ չեմ գնացել: Հետո էլ բանտ եմ գնացել քո ընկերների շնորհիվ»:

«Նախկինում էլ դուք էիք մարդկանց բանտ տանում»,- հակադարձեց հանրապետական Սուքիաս Ավետիսյանը:

«Բանտ եմ տարել, 4 հոգու ցմահ դատապարտել են: Մեկին հանեք, ասեք` կեղծիք ես թույլ տվել: Ինչո՞ւ չեք հանում»,- պատասխանեց Գ.Եղիազարյանը:

Աստիճանաբար բանավեճի հիմնական թեման դարձավ Մարտի 1-ի դեպքերի քննարկումը, և ՀԱԿ անդամն ասաց. «Դուք եք Մարտի 1-ի սպանությունները կատարել»:

«Արդեն պայմանավորվել ենք Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման համար, կստեղծենք ընտրություններից հետո, այն ժամանակ պարզ կլինի, թե ովքեր են մեղավոր, այնպես որ Մարտի 1-ը չխառնենք»,- ի պատասխան ասաց Սուքիաս Ավետիսյանը:

«Չորս ու կես տարի անցել է, նախաքննությունը ոչինչ չի պարզել, այսօր ասում են` կպարզենք»,- հակադարձեց Գուրգեն Եղիազարյանը:

Հարցին` ինչո՞ւ հետաձգեցիք հանձնաժողովի ստեղծումը, ՀԱԿ անդամը պատասխանեց. «Խնդիր առաջացավ, որ սա անում ենք ընտրությունների համար…բայց գիտեք ի՞նչ, ինչպե՞ս կարող է Մարտի 1-ը քաղաքական հարց  չլինել, իհարկե քաղաքական է: Մարդկանց օրը ցերեկով գնդակահարեցին, էսօր էլ մարդ չկա նստած էդ ստահակներից:

Մինչև իշխանափոխություն չլինի, Մարտի 1-ը չի բացահայտվելու: Իշխանափոխություն եղավ, խոստանում եմ` մեկ շաբաթից բոլոր ստահակները կլինեն դատարանում: Դուք լրագրող եք, անցել է չորս ու կես տարի, և այսօր նախաքննությունը մեկ սանտիմետր առաջ չի գնացել, հարց չե՞ք տալիս` ինչո՞ւ գործն առաջ չի գնացել»:

«Ինչո՞ւ առաջ չի գնացել»,- հարցրեց լրագրողներից մեկը:

«Որովհետև իրենք էին սպանություն անողները, ինչպե՞ս առաջ գնար, իրենք իրե՞նց ուղարկեին բանտ»,- պատասխանեց Գ.Եղիազարյանը:

Շուտով Գուրգեն Եղիազարյան-Սուքիաս Ավետիսյան բանավեճը կարծես վերածվեց Գուրգեն Եղիազարյան-լրագրողներ բանավեճի, և «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողը հարցրեց. «Ինչո՞ւ այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ դուրս չեկավ և չկանգնեց ժողովրդի կողքին, մենակ չասեք, թե թիկնապահները պահել էին նրան…»:

«Թիկնապահները գլուխները խփել էին պատերին»,- պատասխանեց Գ.Եղիազարյանը:

«Թիկնապահներով չէր հարցը լուծվում, հարցը լուծվում էր Ռոբերտ Քոչարյանով. ուղիղ հանել էին թիկնազորը` ասելով` «դուրս գաս՝ կխփենք»: Ոչ ոք չէր կարող այնտեղից դուրս գալ և ներս մտնել, նույնիսկ երբ դեսպանները գնում էին Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, 10-15 րոպե պահում էին դռան մոտ, նոր էին ներս թողնում: 

Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի կալանքի տակ է եղել տանը: Դուք ինձ հարց եք տալիս` ինչո՞ւ դուրս չէր գալիս: Ո՞նց դուրս գար, երբ փաստացի կալանքի տակ էր: Հիմա ես ձեզ ավտոմատի տակ պահեմ և չորս ու կես տարի հետո հարցնեմ` ինչո՞ւ  դուրս չեկաք այս սենյակից»:

Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեցին` ավտոմատներո՞վ էին Տեր-Պետրոսյանին պահում, ինչին նա պատասխանեց. «Այո´, ավտոմատներով և գնդացիրներով զինված սրիկաներ` ամբողջ բակում լցված»:

Տեսանյութեր

Լրահոս