«Ժողովուրդն ընտրություններին քվեարկում է կրունկներով»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը:

«Դեկտեմբերի 2-ին թիվ մեկ ընտրատարածքում թափուր տեղի համար տեղի ունեցան Ազգային Ժողովի ընտրություններ: Ըստ էության այդ ընտրությունները թեկնածունների միջև չէին` դրանք ընտրություններ էին շուրջ երկու տասնամյակ բոլոր ժամանակների օրվա իշխանությունների կողմից կատարելագործած ընտրակեղծիքների ու վարչական ռեսուրսների և, մյուս կողմից, հստակ քաղաքական հետագիծ ունեցող ընդդիմության ներկայացուցչի միջև:

Այլ խոսքով`հերթական անգամ մրցակցության մեջ էին ժողովրդավարական, թափանցիկ և արդար ընտրությունների հրամայականը եւ դրան խոչընդոտող քաղաքական մեծամասնության խմբակային շահը: Եվ ինչպես միշտ այս անգամ էլ պետական շահը` ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու սահմանադրական պահանջը  ջախջախիչ պարտություն կրեց օրվա քաղաքական իշխանության խմբակային շահից:

Հասկանալի է, որ խոսքն այստեղ անձերի մասին չէ, խոսք ավելի խորքային և առավել վտանգավոր երեւույթի մասին է: Վերջապես ինչքան կարելի է ինքնախաբեությամբ զբաղվել, ինչքան կարելի է ժողովրդավարություն «պոռալով» այդ նույն ժողովրդավարության հերն անիծել` նման ընտրություններ կազմակերպելով: Ինչու չենք ուզում տեսնել այն բացահայտը, որ ժողովուրդը ընտրություններին քվեարկում է կրունկներով, ասել է թե` իր փախեփախ-արտագաղթով, ինչին ամեն անգամ նպաստում ենք նման ընտրական իմիտացիաններով: Ինչու հավաքաբար ինքներս չենք կարողանում մեր տանը մարդավայել ապրելու և զարգանալու պայմաններ ստեղծել:

Վերջերս Ազգային Ժողովի պատվիրակության կազմում Բրյուսսելում մասնակցում էի Հայաստան-Եվրամիություն հանձնաժողովների համատեղ նիստին: Զեկույցներից մեկը վերաբերում էր մեր ներքին կյանքին: Ընդդիմության ներկայացուցիչը համապատասխան փաստարկներով եվրոպական գործընկերներին ապացուցում էր, որ Հայաստանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտողը իշխանությունն է՝ իր ավտորիտար համակարգով՝ պարբերաբար հակաժողովրդավարական և անարդար ընտրություններ անցկացնելով: Իշխանության ներկայացուցիչը շատ ավելի վճռական էր՝ եվրոպացի գործընկերներին բացատրելով, որ Հայաստանում եվրոպական արժեքների հաստատման ամենօրյա էվոլուցիոն շքերթ է տեղի ունենում, բայց ընդդիմության ներկայացուցիչները չեն ուզում տեսնել այդ առաջընթացը:

Երկու դեպքում էր դիմում-հորդոր էր օտարին՝ սեփական տանը կարգ ու կանոն հաստատելու խնդրանքով:  Հաջորդ օրը մեկ այլ հանդիպման ժամանակ Եվրախորհրդի  բարձրագույն պաշտոնյաներից մեկը իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների՝  միմյանց նկատմամբ փոխադարձ մեղադրանքներին բավականին հատու եւ անկեղծ պատասխանեց՝… մենք կարող ենք միայն օգնել նրանց, ովքեր դրա ցանկությունն ունեն, ձեր ներքին հարցերը լուծելու համար մեզանից ավելին միք պահանջեք:

Օգնության չափը, եթե ձեզ չի բավարարում՝ կարող ենք ձեր առջև փակել եվրոպական տան դուռը… Պատասխանը սպառիչ էր, ինչ ոչ առումով դատավճիռ` մեր հասցեին: Ինչու պետք է օտարին դիմել սեփական տանը կարգ ու կանոն հաստատելու համար, երբ այն կարող ենք ինքներս հաստատել:

Բայց մեր պատմության քառուղիններում շատ դեպքերում օտարը համաձայնել է մեր խնդրանքներին` իր նախասիրություններով մտնել մեր տուն` կարգ ու կանոն հաստատելու համար:

Ակամայից հիշեցի Չարենցի «Երկիր Նաիրիի» գլխավոր հերոսներից Մազութի Համոյին, որը, կարծում եմ, մեր ժողովրդի հավաքական կերպարի թերեւս առավել ընդհանրացնողներից մեկն է: Պատմականորեն օտարի միջոցով սեփական տանը կարգ ու կանոն հաստատելը մեր ազգային ողբերգությունների հիմնական պատճառներից մեկն է եղել: Եվ այդ ողբերգությունը իր մաշկի վրա թերևս առավել շոշափելի զգացել է Չարենցի հերոսը: Մեջբերում եմ Մազութի Համոյի ապրած ողբերգական պահերից մի հատված. «Համո Համբարձումովիչը զգույշ, ինչպես գողը, մոտեցավ Անգինա Բարսեղովնայի (իր կնոջ) ննջարանին: Կռացավ, բանալիի ծակից ներս նայեց… տեսավ… մազերը, կռնակը եւ սպիտակ նստուկը քաղաքի  պարետի /բարձրահասակ սպայի/, որին, նկարչական շքեղ կոնտրաստ կազմելով, քնքուշ փաթաթվել էին պղնձագույն սրունքներն Անգինա Բարսեղովնայի` Համո Համազասպովիչի անզուգական կողակցի»: Մեծն  Լոռեցուց բացի ընթերցեք նաև Չարենց»:

 

Տեսանյութեր

Լրահոս