
Սիվիլիթասը պարզաբանում կպահանջի ՊԵԿ-ից

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի նոյեմբերի 23-ի հրամանով չորրորդ անգամ և կրկին 30 աշխատանքային օրով կասեցվել են Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները:
Սիվիլիթաս հիմնադրամի տարածած հաղորդագրությունում նշված է, որ Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 28-ից: «Հուլիսի 20-ից ստուգումների ժամկետը երկարաձգվել էր 10 օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամաններով հաջորդաբար՝ հուլիսի 23-ից, սեպտեմբերի 3-ից և հոկտեմբերի 16-ից յուրաքանչյուր դեպքում 30 աշխատանքային օրով և գումարային 90 աշխատանքային օր կասեցվել էին հարկային ստուգումները Սիվիլիթաս հիմնադրամում, ինչը և սահմանված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով. բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումները կարող են կասեցվել առավելագույնը 90 աշխատանքային օր ժամկետով, և միայն նշված օրենքով սահմանված որոշակի պայմանների առկայությամբ հիմնավորված դեպքերում ստուգման կասեցման ժամանակահատվածը կարող է երկարաձգվել ևս 10 օրով: Անհասկանալի է, թե ինչպես է չորրորդ անգամ 30 աշխատանքային օրով երկարաձգվել ստուգման կասեցման ժամանակահատվածը:
Վերը նշվածը փաստը հաշվի առնելով և վերջինիս հետ իր ունեցած անհամաձայնությունը հայտնելու նպատակով` Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստվում է գրավոր դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին` առկա իրավիճակը հստակեցնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար»,- նշված է հաղորդագրությունում:
civilnet.am