Շարմազանովը Գագիկ Ծառուկյանին մի քիչ լավ չի պատկերացնում նախագահի թեկնածուի պաշտոնում

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ հավանական է համարում, որ ընդդիմադիր և այլընտրանքային ուժերը կարողանան համաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի հարցում:

Նրա փաստարկմամբ` այդ մասին են վկայում այն հակասությունները, որոնք կան ոչ միայն միմյանց հետ բանակցող ուժերի, այլև առանձին ուժերի ներսում գոյություն ունեցող լուրջ տարաձայնությունները:

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ մեր երկրում լինի մրցակցություն, բայց այսօր փաստը հետևյալն է. ես շատ մշուշոտ եմ համարում, որ ձախերը, կենտրոնամետները, այլընտրանքը, աջերը, լիբերալներն ու սոցիալիստները կարողանան ինչ-որ մի բանի շուրջ միասնական ճակատ ստեղծել, որովհետև թե’ արտահերթի հետ կապված նրանց տարբեր դիրքորոշումները, թե’ Մարտի 1-ի հանձնաժողովի կապակցությամբ փոխադարձ հրաձգությունը, թե’ իրենց իսկ ֆրակցիայում տարբեր քվեարկությունները, թե’ ռազմավարական տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ արտահայտելը, թե’ ապագա նախագահական ընտրությունների թեկնածուի հետ կապված ոչ-միասնական կարծիքի ձևավորումը, թե’ այդ քաղաքական թիմերում անձնական կարծիքների առատությունը խոսում է մի բանի մասին, որ դեկտեմբերի 4-ի դրությամբ ո’չ միասնական ծրագրի, ո’չ միասնական թեկնածուի շանս առայժմ չունեն», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Շարմազանովը:

Արձագանքելով հարցին, թե ինչու Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հայտարարում իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրել-չառաջադրելու մասին` Ազգային ժողովի փոխնախագահն ասել է, թե առաջին նախագահն այսօր «ելքեր է փնտրում քաղաքականությունից գեղեցիկ և խաղաղ դուրս գալու համար»:

«Եթե առաջադրվի, դա կլինի քաղաքական ինքնասպանություն, որովհետև այն հաջողությունը ձայների առումով, որը նա ուներ 2008 թվականին, այսօր նա չի ունենա, և դա փաստ է: Որպես խելացի գործիչ, նա հասկանում է, որ երկրորդ անգամ նույն գետը հնարավոր չէ մտնել` մանավանդ, որ նրանից հեռացան շատ կարկառուն գործիչներ, ովքեր լուրջ դերակատարում ունեին 2008-ի ընտրություններին` շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը և  նրանց ուղեղային կենտրոններից մեկը հանդիսացող Դավիթ Շահնազարյանը»,- հավելել է Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերող է նախագահի մյուս հնարավոր թեկնածուին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, ապա Շարմազանովը կարծում է, որ անգամ առաջադրվելու դեպքում Ծառուկյանը չի կարող լուրջ մրցակից լինել գործող նախագահի համար. «Գագիկ Ծառուկյանի մասով, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում իրեն նախագահի թեկնածուի պաշտոնում, որովհետև նախագահական ընտրություններին առաջադրվող ցանկացած թեկնածու պետք է (ընտրություններին) գնա շատ ավելի վճռական և գնա շատ ավելի ծրագրերով: Այսինքն` այլընտրանքային ծրագրերով, այլընտրանքային բյուջեի նախագծով, այլ ոչ թե տատանումներով»:

Հարցին` իր կարծիքով, Ծառուկյանը կառաջադրվի՞, թե՞ ոչ, Շարմազանովը արձագանքել է. «Դա բացառապես իր և իր քաղաքական թիմի որոշելու հարցն է»:

«Անկախ նրանից` ով կառաջադրվի, ով` ոչ, այդ թվում նաեւ Գագիկ Ծառուկյանը` ես չեմ համարում, որ լուրջ մրցակից առաջին տեղի կունենա նախագահ Սարգսյանը»,- հայտարարել է Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս