Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի կատարած ապօրինություները (տեսանյութ)
Լոռու մարզի Շնող գյուղի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանը 2007թ. իր որդուց` Էդգար Քոչինյանից 4 900 000 դրամով գնել է 026 LL 36 պետհամարանիշով, 1991 թ. արտադրության անսարք և անօգտագործելի «Մերսեդես-բենց S-500» մակնիշի ավտոմեքենա, որը գնելու օրվանից չի ծառայել գյուղապետարանին և արդեն 5 տարի կանգնած է գյուղապետարանի բակում:
Ըստ փաստաթղթերի՝ մեքենայի առքուվաճառքի աճուրդը կազմակերպվել է 2007թ. փետրվարի 18-ին: Աճուրդային հանձնաժողովի նախագահ Հովիկ Վարդանյանը նոյեմբերի 30-ին «Հետքին» հայտնեց, որ տեղյակ չէ «Մերսեդես բենցի» առքուվաճառքից:
Այսուհանդերձ, անսարք և անօգտագործելի ավտոմեքենայի գազալիցքավորման համար Հայկազ Քոչինյանը 2007-2012թթ. համայնքի բյուջեից Շնողի վարչական տարածքում գտնվող «Կայծոնգազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանին յուրաքանչյուր տարի փոխանցել է 1,2 մլն դրամ: «Կայծոնգազ» ՍՊԸ-ն գրանցված է ոստիկանության Թումանյանի բաժնի նախկին ոստիկանապետ Արտուշ Բոշյանի քրոջ` Անժելա Բոշյանի և Հայկազ Քոչինյանի կնոջ՝ Մարինե Ավետյանի անուններով:
Գյուղապետարանը գազով լիցքավորվող այլ ավտոմեքենա չի ունեցել, 1,2 մլն դրամ փոխանցված գումարի գազն էլ մնացել է գազի լցակայանի տնօրինությանը: «Մերսեդես բենց» ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքի, լիցքավորման, վերանորոգման համար վերջին 5 տարում Հ.Քոչինյանը Շնողի համայնքի բյուջեից ծախսել է 10,9 մլն դրամ:
Ի՞նչ հիմքերով են, այսուհանդերձ, անսարք մեքենայի լիցքավորման համար համայնքի բյուջեից տարիներ շարունակ կատարվել վճարումներ: Հարցին Շնողի գյուղապետարանի գլխավոր հաշվապահ Սվետլանա Ջավախյանը պատասխանեց. «Ճիշտ է, ես ստորագրել եմ պարուչենիայի տակ, բայց դրա պատասխանատուն ե՞ս եմ»:
Սվետլանա Ջավախյանը նույնպես փաստեց, որ «Մերսեդես բենցը» վերջին 5 տարում անօգտագործելի է եղել: Հաշվապահը ավտոմեքենայի վազքի որևէ ուղեգիր չուներ մեզ ներկայացնելու համար:
«Մերսեդես բենցը» գնելուց 3 տարի հետո՝ 2010թ. հունվարի 20-ին, Հայկազ Քոչինյանը համայնքի բյուջեի 4 260 000 դրամով իր համագյուղացի Գառնիկ Մաշինյանից գնել է ծառայողական 2-րդ ավտոմեքենան` 2005թ. արտադրության վազ 21-21 մակնիշի «Նիվա»:
Գյուղապետ Հովիկ Սահակյանը կարծում է, որ «Նիվան» իր մաշվածությամբ չի համապատասխանում համայնքի բյուջեից վճարված գումարին: «Նիվան» աշխատել է միայն բենզինով, չի ունեցել գազի լիցքավորման սարքավորումներ:
Գլխավոր հաշվապահ Սվետլանա Ջավախյանը չուներ նաև «Նիվա» ծառայողական ավտոմեքենայի վազքի ուղեգրեր: Գյուղապետարանում բացահայտել են նաև, որ գյուղի խորհրդային տարիներից ժառանգություն մնացած, 1989թ. արտադրության T-70C մակնիշի անօգտագործելի տրակտորը տարիներ շարունակ անտեր է եղել և որևէ մեկի անունով գրանցում և տեխնիկական վկայական չի ունեցել:
Հայկազ Քոչինյանը այն 2010թ. ձևակերպել է շնողցի Արայիկ Ավետյանի անունով, որից էլ 2010թ. ապրիլի 26-ին համայնքի բյուջեի 3 740 000 դրամով գնել է 23 տարեկան անօգտագործելի տրակտորը: Տրակտորի տեխնիկական վկայականը պատրաստվել է տրակտորի գնման 26.04.2010թ. տեղի ունեցած աճուրդից 16 օր հետո` 2010թ. մայիսի 12-ին:
ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու և ՀՀ գյուղնախարարությանը գումար հատկացնելու մասին N 75-Ն որոշման շրջանակներում «Ֆլեշ» ՍՊԸ-ի հաշվեհամարին փոխանցված 2 800 000 դրամի դիմաց 2012թ. ապրիլի 2-ին Հայկազ Քոչինյանին «Ֆլեշը» 350 դրամով 8000 լիտր դիզելային վառելանյութ է հանձնել` Շնողի գյուղացիներին հողի մշակության գործում աջակցելու համար:
Գլխավոր հաշվապահ Սվետլանա Ջավախյանն ասում է, որ դիզվառելիքը Հայկազ Քոչինյանն ի պահ է տվել իր բենզինի լցակայանի աշխատակից Սամվել Հոբոսյանին, ով նաև վարձակալությամբ շահագործում է լցակայանը: Ըստ գլխավոր հաշվապահի՝ դիզվառելիքի տնօրինմանը գյուղապետարանի որևէ աշխատող չի մասնակցել:
Աջակցություն ուղարկված էժան դիզվառելիքի հետ կապված շնողնեցի տրակտորիստ Սարբեկ Ամիրջանյանը «Հետքին» ասաց. «Գյուղապետի ընտրություններից առաջ ցուցակագրեցին: Ասացին՝ լիտրը 350 դրամով են տալու, բայց էդպես էլ գյուղում ոչ մեկին դիզվառելիք չտվեցին»:
Դիզվառելիք չէին ստացել նաև Շնողի փողոցներում մեր կողմից հարցված բազմաթիվ շնողցիներ: Այս օրերին զայրացած շնողնեցիները նախկին գյուղապետից պահանջում են «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ին վերադարձնել իր կողմից անօրինական սեփականաշնորհված ամբուլատորիայի 2-րդ հարկի 400 ք.մ. տարածքը` այնտեղ գյուղացիների ամբուլատոր ստացիոնար բուժումներ կազմակերպելու նպատակով:
Ամբուլատորիան սպասարկում է Շնող և Թեղուտ գյուղերի բնակչությանը: «Հետքը» Շնողի ամբուլատորիայի խնդրին անդրադարձել է դեռ 1 տարի առաջ: Հայկազ Քոչինյանը տարածքը սեփականաշնորհել է 2005թ. այն ժամանակ ամբուլատորիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ազարյանի հետ կնքած պայմանագրով: Պայմանագրով Հայկազ Քոչինյանը պարտավորվել է 3-օրյա ժամկետում վճարել տարածքի 600 000 դրամ արժեքը, որը անցած 7 տարում այդպես էլ չի վճարել:
«Սահմանված 3-օրյա ժամկետում տարածքի արժեքը չվճարելու դեպքում Հայկազ Քոչինյանը պարտավոր է չվճարված յուրաքանչյուր օրվա համար տարածքի սահմանված գնի 0,1 տոկոսի չափով տուգանք վճարել ամբուլատորիային»,- ասում է ամբուլատորիայի տնօրեն, բժշկուհի Հերմինե Առաքելյանը:
Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը անթույլատրելի է համարում գյուղի համար անհրաժեշտ օբյեկտի 400 ք.մ. տարածքի՝ Հայկազ Քոչինյանի կողմից անվճար սեփականաշնորհվելը: Գյուղապետը վճռականորեն է տրամադրված տարածքը ամբուլատորիային վերադարձնելու գործում:
Ու մինչ շնողնեցիները ամեն օր բացահայտում են Հայկազ Քոչինյանի նախկինում կատարած անօրինականություները, մարզի իրավապահները նոր մեթոդներ են հնարում դրանք ամեն գնով կոծկելու համար:
Լարիսա Փարեմուզյան
hetq.am