Որտե՞ղ են հանրապետության փողերը
ԱԺ-ում 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հարցրեց. «Ես չեմ կարողանում ստանալ Հայաստանի հանրապետության արտաքին պահուստների տեղաբաշխումը արտասահմանում, որի մասին հստակ ակնկարկ կա Կենտրոնական բանկի հաշվետվությունում: Սա հենց այն հարցն է, որ հնչում է հայտնի ֆիլմում՝ որտե՞ղ են հանրապետության փողերը, որտե՞ղ են տեղաբաշխված, ի՞նչ տոկոսով, ի՞նչ եկամտաբերություն է սպասվում 2013թ., 2012թ.: Բացի դա, եթե գաղտնիք չէ, ասեք, ընդհանրապես պատգամավորն իրավասո՞ւ է ստանալու այդ ստորագրած պաշտոնական թուղթը, թե որտեղ են մեր արտաքին պահուստները»:
Ի պատասխան, նախարարն ասաց. «ՀՀ արտաքին պահուստները տնօրինում է Կենտրոնական բանկը, որի վերաբերյալ տալիս է հաշվետվություն միջազգային ընդունված ֆորմատով: Դրանք համապատասխանում են, բացվում են և տպագրվում են ֆինանսական հաշվետվությունների հաղորդման միջազգային ստանդարտով, և աուդիտ են անցնում ավելի մանրամասն աուդիտորական ընկերությունների կողմից, որոնք ունեն միջազգային ճանաչում: Դրանից ավելի մանրամասն տեղեկատվության բացումը խորհուրդ չի տրվում, քանի որ դա կարող է որոշակիորեն առևտրևային և մարդկային գաղտնիքներ բացել»: