Որպեսզի պատգամավորները «բարոյապես բավարարվեն»

Այսօր ՀՀ ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ դիմելով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ասաց, որ ինքը ներկայացված փոփոխությունների հետ որևէ խնդիր չունի, բայց խնդիր ունի բուն օրենքի, ավելի կոնկրետ՝ դրա առաջին գլխի հետ, որտեղ հիշատակումներ կան ԽՍՀՄ-ի մասին:

Ըստ Արզումանյանի Հայաստանն արդեն 21 տարի անկախ պետություն է, բայց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի առաջին գլուխը վերաբերում է ԽՍՀՄ-իրավակարգի պահպանմանը, հղումներ կան ԽՍՀՄ Սահամադրությանը և այլն:

Արզումանյանն առաջարկեց հիշյալ օրենսգրքից առաջին գլուխն ամբողջությամբ հանել, որով ինքն իրեն «բարոյապես բավարարված» կզգա:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս համաձայնվեց այս առաջարկի հետ՝ շեշտելով, որ ինքը ևս իրեն «բարոյապես բավարարված» կզգա: Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով այս առաջարկությանը, ասաց, որ իր համար այս առաջարկն ընդունելի է, և համաձայնվեց որ օրենսգրքի առաջին գլխի 8 հոդվածներից առաջին յոթը կարելի է հանել:

Մեջբերում ենք  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի առաջին գլխի առաջին հոդվածը, որպեսզի պարզ լինի թե ինչի մասին է խոսքը.

«Վարչական իրավախախտումների  մասին ՀՀ օրենսդրության խնդիրն է պահպանել ԽՍՀՄ հասարակարգը, սոցիալական սեփականությունը, քաղաքացիների սոցիալ-տնտեսական, քաղաքական և անձնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, կառավարման սահմանված կարգը, պետական և հասարակական կարգը, ամրապնդել սոցիալիստական օրինականությունը, կանխել իրավախախտումները, քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ Սահմանադրությանը, ՀՀ Սահմանադրությանը և խորհրդային օրենքները ճշտիվ և անշեղորեն պահպանելու, մյուս քաղաքացիների իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու ոգով, հասարության հանդեպ պատասխանատվության ոգով»:

Տեսանյութեր

Լրահոս