Գալուստ Սահակյանը՝ տղաների ու հարսների միլիոնների ու իր պարտքերի, ապառիկների մասին
«Իմ մեքենան ես առել եմ ապառիկով, 4 տարի էր՝ մուծում էի, 2007-ին եմ առել, նախանցյալ տարի նոր ապառիկը մուծեցի պրծա: Բանկային գործառույթով եմ առել, այսինքն այնպես չի, որ շատ փող ունենք»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես է պատասխանել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, երբ լրագրողը հետաքրքրվել է նրա «Նիսսան Մաքսիմա» մեքենայով և խնդրել է մեկնաբանել իր որդիների՝ անգամ պաշտոնական հայտարարագրերով միլիոնատեր լինելու հանգամանքը:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ դրանք պրովոկացիաներ են. «Ինչ վերաբերում է իմ որդիներին, իմ ընտանիքը անընդհատ աշխատել է և աշխատելու է: Չարախոսները թող հասկանան, որ կարելի է և ընտանիքի դիրքերը ապահովել հալալ քրտինքով: Այնպես որ, Հայաստանը էն մութ երկիրը չի, որ Գալուստ Սահակյանը որոշակիորեն դիրքեր ունի, և դա նշանակում է պիտի օգտվի իր հնարավորություններից եւ թալանով զբաղվի: Ամեն ինչն էլ մանրամասն կարող են նայել, պեղել: Այնպես որ, նման խնդիր չկա: Առավել ևս, եթե մեծ հնարավորություններ ունենամ, նորից հալալ, արդար աշխատանքով ավելի շատ փող կունենամ և ավելի շատ մարդկանց կօգնեմ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ ձեր որդիները բիզնեսով չե՞ն զբաղվում, որովհետև Արման Սահակյան, օրինակ, հայտարարագրել է 24 մլն դրամից ավելի եկամուտ և հաշվի վրա ունի մոտ 95 մլն դրամի գումար, իսկ դա աշխատավարձով միայն հնարավոր չէ ունենալ՝ Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ իր տղաները բիզնես չունեն. «Իմ որդիները առավոտը գնում են աշխատանքի, ժամը 9-ին, 10-ին նոր տուն են գալիս: Բիզնեսով չեն զբաղվում: Իհարկե, չեմ կարող ասել, բաժնետեր հնարավոր է լինեն»:
Մենք ճշտեցինք, Դուք հայր եք, չգիտե՞ք հաստատ, թե ինչ բիզնես կամ բաժնեմաս ունեն ձեր որդիները, նա պատասխանեց. «Իհարկե, ես ինչպես իմ ընկերների ու հասարակության, այնպես էլ իմ որդիների գրպանը մտնելու հատկություն չունեմ: Ես շատ կուզեմ, որ իմ որդիները բավականին տեղերում բաժնեմասեր ունենան և կարողանան և իրենց պահեն, և իրենց շրջապատին, և այն մարդկանց, որ ամեն օր մեզ դիմում են»:
Արման Սահակյանի եկամուտների մի զգալի մասը ձեռք է բերվել վարձակալությունից: aravot.am-ը հետաքրքրվել է, թե հայրը դրանից է՞լ տեղյակ, չէ, թե ինչ տարածքներ ունի իր որդին՝ Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ես չգիտեմ Արմանն է, թե Տիգրան Սահակյանը, համենայնդեպս, մենք ունենք տարածք, որը տարիներ առաջ շա՜տ մեծ գումարներով ենք ձեռք բերել, ընդ որում, այն ժամանակ, երբ որ վաուչերներով կոպեկներով էին վերցնում, մենք բավականին լուրջ թվերով, մրցույթով տեղ ենք վերցրել, դրա պարտքերը մինչեւ փակել ենք, տևել է 5-6 տարի: Հիմա էլ տեղ ունենք, տարբեր նպատակներով վարձով ենք տալիս»:
Գալուստ Սահակյանը նաև ասել է, որ իր հարսներից մեկը ակնաբույժ է աշխատում, մյուսը՝ մանկապարտեզի վարիչ. «Հենց ասեցի մանկապարտեզի վարիչ, մտածեցիք, ըհը՛, լավ փող կաշխատի: Լրագրողների մի խումբ կա, որ տեղեկություններ է վերցնում և Գալուստ Սահակյանին խարազանում»: