
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրվում է նախօրեին, Երևանում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների ընթացքում Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջև «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իրինա Հովհաննիսյանի հանդեպ հարձակման մասին տեսանյութը, որը տեղադրվել էր ռադիոկայանի կայքէջում: Այդ մասին «Փաստինֆոյի» թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:
«Ազատություն» ռադիոկայանի երևանյան բյուրոյում հրաժարվել են մեկնաբանել այս կապակցությամբ, սակայն հաստատել են «Փաստինֆոյի» տեղեկություններն առ այն, որ լրագրողը հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու:
Հիշեցնենք, որ միջադեպի վերաբերյալ ահազանգել էր թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը, «թաղի խուժանը հարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով «ցուցակագրված ընտրողների» տեղափոխումը տեղամաս: Մի պահ լրագրողի ձեռքից խլվել է նաև տեսագրող-ձայնագրող սարքը և քիչ անց վերադարձվել»,- իր ֆեյսբուքյան էջում նշել էր թեկնածուն: