Թալանել են նախկին «Թիվ 5» խմբից Մանվել Խաչատրյանի տունը
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, նախկին «Թիվ 5» խմբի երգիչ Մանվել Խաչատրյանը ստեղծագործական նորություններից բացի, BRAVO.am-ին պատմել է նաև մոտ մեկ ամիս առաջ իրեն մատուցված «հաճելի» անակնկալի մասին. թալանել են իր վարձակալած տունը, որտեղ բնակվում է կնոջ և երեխայի հետ` գողանալով գումար և ոսկեղեն:
«Քանի որ թատրոնում այդ օրը մինչև ուշ ժամի փորձի էի լինելու, կնոջս ուղարկել էի Գյումրի` ծնողներիս մոտ: Երբ վերադարձա տուն և փորձեցի դուռը բացել, զգացի` բանալին փականի մեջ դժվարությամբ է մտնում: Թեթև հրեցի, դուռը բացվեց: Արդեն հասկացա, որ մի բան այն չէ: Դրամապանակս, որի մեջ իմ բոլոր փողերն էին, ամբողջովին դատարկ էր. առավոտյան էի այն հանել դարակից, վերցրել ինձ անհրաժեշտ գումարը, իսկ մնացածը թողել սեղանին, այնպես որ գողերը երկար չեն էլ փնտրել: Տարել են նաեւ մեր ամբողջ ոսկեղենը»,- հայտնել է Մանվել Խաչատրյանը:
Մեր հարցին, թե որքան է կազմել հասցված վնասը, նա պատասխանել է հետեւյալը. «Շատ ուժեղ շոկ ապրեցի. շատ տարօրինակ զգացողություն էր: Քարացել էի տեղում, հետո ուշքի եկա, գնացի հարեւանների մոտ, նրանք էլ անմիջապես ոստիկանություն զանգահարեցին, որոնք եկան մեծ շքախմբով, ամեն ինչ հետազոտեցին, նկարահանեցին, հարուցեցին քրեական գործ: Ողջ գողոնը գնահատվեց շուրջ 3 մլն դրամ, որն ինձ համար մեծ գումար է»:
«Ես ծագմամբ գյումրեցի եմ, մեզ մոտ ընդունված է հարսանիքին ոսկի նվիրել: Տատիկիս` ժառանգաբար փոխանցված ժամացույցը և ինձ ու տիկնոջս համար թանկ այլ իրեր եւս այլեւս չունենք: Մտածում էի` արդեն հասել եմ այն տարիքին, որ այլևս ոչ մի զգացողություն առաջին անգամ չի լինի, բայց սխալվում էի. դատարկության նման տարօրինակ զգացողություն երբևէ չէի ունեցել»,- հավելել է Մանվելը:
Խոսելով քրեական գործի ընթացքի մասին` դերասանը նշել է. «Դեռևս ոչ մի լուր չկա: Կարծում եմ` երկար կսպասենք ինչ-որ արդյունքի, եթե այն, իհարկե, լինի: Բայց ասեմ, որ ես գողերին չեմ մեղադրում, չեմ անիծում, ես եմ մեղավոր, որ տան մեջ էի պահում ոսկին և երկար ժամանակ հավաքած գումարս: Ամեն ինչն իր սկզբնաղբյուրն ունի. եթե այդ գողը հացի խնդիր չունենար, գուցե նման բան չէր լինի, չնայած` ամեն ինչ հարաբերական է…»:
Մանվել Խաչատրյանը կատարվածի մասին որոշել է կնոջն այնպես ասել, որ նա շատ չնեղվի, բայց. «Զանգեցի բոլոր բարեկամներիս, խնդրեցի, որ իրեն չասեն: Սակայն կնոջս քեռու տղան, չիմանալով, որ Լուսինեն տեղյակ չէ, զանգել է` դեպքի մանրամասները ճշտելու: Կինս էլ շփոթված ինձ զանգեց, ես էլ ասացի, որ մեզ թալանել են, փառք Աստծո, ավելի վատ բան չի եղել»:
«Վատն այն է, որ ես և ինձ նման այլ երիտասարդներ պայքարում ենք մեր հայրենիքում մնալու համար, բայց դժվար է: Օրինակ, «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ» նախագիծ կա, մտածեցի` գնամ և այդ նախագծի շնորհիվ տուն գնեմ, բայց ինձ մերժեցին, քանի որ իմ, կնոջս և երեխայիս տարիքների գումարը պետք է 60-ից բարձր չլիներ: Ասածս այն է, որ անգամ այդ զիջումը չարեցին մեզ համար: Ամեն դեպքում դեռ այստեղ եմ, շարունակում եմ կյանքս, վերականգնվում եմ այդ տխուր պատմությունից հետո, իսկ ժամանակը ցույց կտա ամեն ինչ»,- նշել է նա:
Անդրադառնալով ստեղծագործական նորություններին` Մանվելը տեղեկացրել է. «Ինձ համար չափազանց հետաքրքիր վարպետության դասերի եմ մասնակցում, որոնք վարում է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը: Այնտեղ ամեն ինչ այլ է` մթնոլորտը, մոտեցումները, ոչինչ սովորական չէ, հին չէ: Դասեր են` հիմնված ուշադրության, հոգեկան աշխարհի վրա: Երկու շաբաթվա ընթացքում դեռ ոչ մի տեքստ չենք ասել, միայն մարմնի և միմիկական շարժումներ:
Ասեմ, որ շատ եմ սիրում Փոքր թատրոնը, միշտ եմ հավանել: Այդ թատրոնն ինձ համար երազանքի պես էր, որը հիմա գրեթե իրականանում է: Արդեն նախագիծ կա` խաղարկային փոքր ֆիլմ, որտեղ ես գլխավոր դեր եմ խաղալու: Դեռևս փակագծերը չբացեմ, բայց ցանկանում եմ հանդես գալ նաև որպես կինոյի դերասան: Արդեն նկարահանվել եմ «Անծանոթը» սերիալում` մարդասպանի կերպարում: Ռեժիսորների հետ որոշեցինք վերացնել այն կարծրատիպը, որ հայկական սերիալի մարդասպանը պետք է թրաշով և բանտարկյալի տեսքով մեկը լինի: Ստեղծեցինք քաղաքավարի մի մարդու կերպար, որը հիվանդ հոգեբանություն ունի: Իսկ երգարվեստի հետ կապված նորություններ դեռ չունեմ, բայց ցանկանում եմ երգել դերասանական ոճով»:
«Հիմա Ստանիսլավսկու թատրոնում խաղում եմ լավ ներկայացումներում` «Բադի որսը», «Մանյակը», «Օ մադամ, օ միսյե», «Ուրիշ մարդը»: Նշեմ, որ տոնական ներկայացումները կսկսվեն դեկտեմբերի 25-ից»,- հավելել է նա:
Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի
Լուսանկարները` Մանվել Խաչատրյանի անձնական արխիվից
Bravo.am