Լևոն Զուրաբյանը չպատասխանեց հարցին, թե ո՞ւմ ստրուկն է
«Ոչ մի բան մի տարով չի հետաձգվել: Դա ստանդարտ պրոցեդուրա ա, եթե հանձնաժողովում չենք դնում քվեարկության, հեղինակն իրավունք ունի մեկ տարի հետաձգել: Դա չի նշանակում, թե հարցը մեկ տարի հետաձգվել է, և ցանկացած պահին կարելի է հարցը դնել քվեարկության»,- մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված՝ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը մեկ տարով հետաձգելու մասին Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Հարությունյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Այստեղ հարցն այլ է: Խնդիրն այն է՝ իշխանությունները տեսան, որ Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման շուրջ ձևավորվում է լուրջ ճակատ, ընդ որում՝ դրան միացան նաև ԲՀԿ-ականները, նրանք անգամ մեզ տեղեկացրին, որ ամբողջ կազմով պատրաստ են քվեարկելու հանձնաժողովի ստեղծմանը: Իշխանությունները տեսան, որ նման վիճակում իրենք հայտնվում են լիակատար մեկուսացման մեջ: Ստացվում է, որ միակ դիմադրողն իրենք են, ուստի իրենք ստիպված էին ընդունել:
Մի պահ մենակ մտավախություն հայտնեցին, որ հանձնաժողովի աշխատանքը նախագահական ընտրություններից առաջ կարող է ընդդիմության կողմից իբր շահարկվել և քաղաքականացվել: Դրան շատ պարզ պատասխան տվեցինք, որ մեզ համար կարևորը հանձնաժողովի ստեղծումն է»,- ասաց նա:
Ի դեպ, Լևոն Զուրաբյանը մեր հարցին պատասխանում էր իր աշխատասենյակի նախասրահում նստած` հեռախոսը ձեռքին, պատասխանում էր՝ առանց իր փռված դիրքից ուղղվելու: Իսկ երբ առաջին հարցի պատասխանը լսելուց հետո Լ. Զուրաբյանին փորձում էինք ուղղել երկրորդ հարցը, ներս մտավ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Լ. Զուրաբյանն անմիջապես վեր կացավ տեղից, ապա իր քայլերն ողղեց դեպի աշխատասենյակ: Երբ խնդրեցինք, որ շարունակի կիսատ թողած հարցազրույցը, Լ. Զուրաբյանը դիմեց Օսկանյանին` այն իմաստով, արդյո՞ք նա դեմ չէ, որ շարունակի հարցազրույցը:
Վ. Օսկանյանը, բնականաբար, չառարկեց: Լևոն Զուրաբյանը, սակայն, որոշակի կամուկացից հետո, ի վերջո, լսեց մեր երկրորդ հարցը.
«Դա ենթադրո՞ւմ է, որ Դուք համաձայնության եկաք Հանրապետական կուսակցության հետ»:
«Չէ, դա ենթադրում է, որ Հանրապետականը նահանջեց և վերջապես ընդունեց, որ Մարտի 1-ի էջը փակված չէ»,- ասաց նա:
«Իսկ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում էր Կոնգրեսի՞ կարծիքը»,- հետաքրքրվեցինք: «Բա հո Դաշնակցության կարծիքը չէ՞ր ներկայացնելու»,- ասաց պատգամավորը՝ արագ ներս մտնելով իր աշխատասենյակ և այդպես էլ անպատասխան թողնելով մեր երրորդ հարցը:
Իսկ հարցը վերաբերում էր Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի՝ Լ. Զուրաբյանի մասին արված հետևյալ արտահայտությանը՝ «Լյովիկ, ասա, թե ո՞ւմ ստրուկն ես»: