ԲՀԿ-ն բացահայտեց ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի դեմքը

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե ինչպես են վերաբերվում ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև ձեռք բերված համաձայնությանը` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի ստեղծումը նախագահական ընտրություններից հետո հետաձգելու մասին, պատասխանեց.

«Ես չեմ կիսում Գագիկ Ջհանգիրյանի լուսավոր լավատեսությունը: Բայց կարող եմ ասել, որ այն, ինչ այսօր տեղի ունեցավ խորհրդարանում, ցույց տվեց, որ  ԲՀԿ-ն շահագրգռված է մարտի 1-ի իրադարձությունների քննարկմամբ, և այս հարցում կաշկանդվելու կամ վախենալու որևէ բան չունի: Բացի այդ, ԲՀԿ-ն իր հստակ պահվածքով հնարավորություն չտվեց որոշ քաղաքական թափթփուկների՝ շահարկելու այն հարցը, թե ԲՀԿ-ն ուզում է տապալել այս հանձնաժողովի ստեղծումը, կամ շահագրգռված է տապալելու այդ հանձնաժողովի ստեղծումը:

Հատուկ այդ նպատակով մենք արտասահմանից հետ ենք կանչել գործուղման մեջ գտնվող մեր պատգամավորներին, և անգամ Դավիթ Քոչարյանին, ով պետք է վիրահատվեր: Այսօր տեղի ունեցածը ցույց տվեց նաև, թե քաղաքական ուժերից ով ինչպիսի դիրքորոշում ունի մարտի 1-ի նկատմամբ»:

Մեր այն հարցին, թե արդյոք Գագիկ Ջհանգիրյանի պահվածքը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ ԲՀԿ-ն դադարեցնի ՀԱԿ-ի հետ իր համագործակցությունը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, քանի որ, կարծում եմ՝ ՀԱԿ-ում ևս չեն կիսում Ջհանգիրյանի լավատեսությունը»:

Տեսանյութեր

Լրահոս