Բաժիններ՝

Հարկային վարչարարությամբ Հայաստանը կհավասարվի և կգերազանցի Վրաստանին. Արմեն Ալավերդյան

Առաջիկա 4 տարիների ընթացքում հարկային վարչարարության որակով Հայաստանը կհավասարվի և կգերազանցի Վրաստանին և հարևան այլ երկրների: Այդ մասին, ըստ news.am-ի, այսօր ՀՀ Ազգային Ժողովում հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Կառավարության անունից Ա. Ալավերդյանը ԱԺ-ում ներկայացնում է Միջազգային զարգացման ընկերակցության հետ կնքված վարկային պայմանագիրը՝ «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» անվամբ: 12 մլն դոլար վարկը պետք է ծախսվի հարկաին համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման նպատակով: Մասնավորապես՝ պետք է գնվեն նոր սերվերներ, քանի որ, ըստ Ա. Ալավերդյանի, ներկայիս սերվերները ի վիճակի չեն մշակել միլիոնավոր տվյալներ, հաճախակի «կախում են»:

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հարցրեց, թե արդյո՞ք այս ծրագիրը թույլ կտա հավասարեցնել Հայաստանի հարկային վարչարարությունը Վրաստանի համակարգին: Գ. Մինասյանի տեղեկացմամբ՝ Վրաստանը զգալի առաջ է գնացել հարկային վարչարարության բարելավման առումով, ինչը նպաստում է բիզնեսի աշխուժացմանը:

Ա. Ալավերդյանը պատասխանեց, որ այս ծրագիրն իրականացնելու պարագայում առնվազն 4 տարում Հայաստանի հարկային վարչարարությունը կգերազանցի հարևան երկրներում կիրառվող համակարգերին: Ա. Ալավերդյանի տեղեկացմամբ՝ արդեն այսօր ունենք առաջադեմ տեղեկատվական մոդուլ՝ «Հարկատու 3», որն արժանացել է ամենաբարձր միջազգային գնահատականների: Իսկ 4 տարի հետո համակարգի էլեկտրոնայնացումը կհասցվի իր ավարտին: «Վրացիները եկան և մեզ մոտ 2 կարևոր մոդուլ ուսումնասիրեցին: Մասնավորապես՝ ինչպե՞ս ենք ՀԴՄ տվյալները օնլայն օգտագործում, և այն կիրառեցին իրենց երկրում: Խնդիրները նույնն են բոլոր երկրներում՝ տվյալների հավաքագրում և գործարար ակտիվության վրա նվազագույն ազդեցություն»,- ասաց Ա. Ալավերդյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս