Սաֆարյանը վստահեցնում է, որ խլված հաղթանակը հնարավոր չէ վայելել
Դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով երեկվա ընտրություններում հավաքել էր 3680 ձայն՝ պարտվելով ՀՀԿ-ական մրցակցին ֆոյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ շատ սիրելի ընկերներ: Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ խոսքերի համար: Ափսոսում եմ, որ չկարողացա Ձեզ հաղթանակ նվիրել: Բայց վստահեցնում եմ` խլված հաղթանակը հնարավոր չէ վայելել: Այն ինչ ինձ/մեզ է պատկանում, հնարավոր չէ վերցնել կամ խլել: Վստահ եղեք, այդպիսին է կյանքը: Գոնե` իմ կյանքը, որում այսպիսի բազում օրինակներ կան: Առնվազն ես գիտեմ, որ այդպես է լինելու: Մի տխրեք ու մի հիասթափվեք»:
Հիշեցնենք, որ ԿՀԸ-ի փոխանցմամբ՝ Ավանն ու Նոր Նորք վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հաղթել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:
Առաջադրված երեք թեկնածուների արդյունքները հետևյալն են՝ Պետրոսյան Էդուարդ Արտավազդի (ինքնառաջադրված)՝ 461 ձայն, Սարգսյան Ռոբերտ Գուրգենի (ՀՀԿ)՝ 18.805 ձայն, Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի («Ժառանգություն» կուսակցություն)՝ 3680 ձայն: