«Իսկ Ընտրական օրենսգիրքն արգելո՞ւմ է տաքսիով կամ մարշրուտնիով մարդ տեղափոխելը». Սամվել Նիկոյան

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանից 168.am-ը հետաքրքրվեց,  թե ինչպե՞ս է  նա գնահատում երեկ թիվ 1 և 35 ընտրատարածքներում տեղի ունեցած ընտրությունների ընթացքը: Նիկոյանի պատասխանն ուշագրավ էր.
«Ձեր հարցը մի հատ ճշտեք՝ ի՞նչ է նշանակում՝ ինչպե՞ս կգնահատեք: Ես չեմ տեսել, ես չեմ եղել, չեմ հետևել ընտրությունների ընթացքին, ծանոթ չեմ»:
Իսկ հարցին, թե արդյոք լսե՞լ է ՀՀԿ-ի թեկնածուի թիմի կողմից կատարված ընտրախախտումների մասին, թե ինչպիսի՞ ուժեր էին նրանք մոբիլիզացրել, Ս. Նիկոյանը պատասխանեց. «Իսկ ինչպիսի՞ ուժեր է մոբիլիզացրել»:
Նրան հիշեցրինք Ավան վարչական շրջանի  Հովհաննիսյան թաղամասի 29 շենքի մոտ տեղի ունեցածը, երբ ՀՀԿ-ի թեկնածուի համար աշխատող խումբը՝ թուղթ ու գրիչներով, բնակիչներին ներկա-բացակա էր անում, այնուհետ ուղղորդում դեպի ընտրատեղամաս՝ անվճար հատկացված ավտոմեքենաներով, իսկ վերջում անպայման «հիշեցնում» էին, որ ընտրեն ՀՀԿ-ի թեկնածու Ռոբերտ Սարգսյանին:
Սրան ի պատասխան, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Իսկ Ընտրական օրենսգիրքը, որևիցե նորմ դա արգելո՞ւմ է: Ես Ձեզ հարցնում եմ՝ արգելո՞ւմ է գործող օրենքը, որ տաքսիով մեկը, կամ մարշրուտնիով…Կա՞ Ընտրական օրենսգիրքը: Դուք պետք է ասեք հետևյալը. եթե ընտրողը մոտեցել է ընտրական տեղամասին, արդյոք նա ունեցե՞լ է հնարավորություն գաղտնի պայմաններում իր տեսակետը հայտնի, գաղտնի պայմաններում քվեարկի, տեղամասում նրա վրա ճնշում չլինի, նրա քվեարկության ձայները ճիշտ հրապարակային հաշվարկով ապահովի… Դա ապահովվա՞ծ է: Եթե ապահովված է, ուրեմն՝ նորմալ է»:
Ս. Նիկոյանի խոսքով՝ ինքը վստահ է եղել, որ ՀՀԿ-ի թեկնախուն հաղթելու է:

Տեսանյութեր

Լրահոս