«Բողոքները պրովոկացիոն հայտարարություններ են». Գալուստ Սահակյան

168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա գնահատում երեկ թիվ 1 և 35 ընտրատարածքներում տեղի ունեցած ընտրությունները:

Ի պատասխան, նա ասաց. «Բավականին հաջող ընտրություններ են, առավելությունները խոսուն են»: Հարցին՝ արդյո՞ք չեք լսել ընտրախախտումների մասին, Գ. Սահակյանը պատասխանեց. «Դրանք դեռևս պրովոկացիոն հայտարարություններ են: Այսօր կերևա, թե ի՞նչ բողոքներ կլինեն, ընտրական հանձնաժողովները կքննարկեն, եթե բողոքներ լինեն»:

Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինքն ի՞նչ պրովոկացիոն բողոքներ է լսել:  «Դե տարբեր խոսքեր են մրցակիցների՝ ընտրությունները խախտեցին, մեքենաներով տարան, էս ինչ տեղը կուտակումներ կային և այլն: Այսինքն՝ նույն սցենարներն էին, որ կանխավ ասում էին, հետո հիմնավորում են ընտրություններից հետո»:

Հարցին, թե չե՞ք հավատում, որ ընտրախախտումներ են եղել, Գ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, խախտումները հնարավոր եմ համարում, բայց նման տոկոսային հարաբերության մեջ, կարծում եմ՝ նույնիսկ եթե ինչ-որ միջադեպեր եղել են, էական ազդեցություն չեն կարող ունենալ»:

Պատգամավոի խոսքով՝ այս ընտրությունները վկայեցին Հանրապետականի «արդյունավետ» աշխատանքի մասին:

Դիտարկմանը, թե մենք անձամբ ականտես ենք եղել Ավանում ՀՀԿ թեկնածու Ռոբերտ Սարգսյանի համար աշխատող խմբի՝ ընտրողներին ավտոմեքենաներով անվճար տեղափոխելուն, ընտրողներին՝ մեքենա նստելուց առաջ ևս մեկ անգամ հուշումներին, թե ում գտին պետք է նրանք քվեարկեն, Գ. Սահակյանն այպես արձագանքեց. «Ես չեմ կարող ասել, թե դա ինչպիսի մասշտաբներ է կրել, առավել ևս՝ չեմ էլ կարծում, թե մեքենաներով տեղափոխելը խախտում է: Ավանում դա մասսայական բնույթ չէր կարող ստանալ, որովհետև շենքերը շատ խիտ են և տեղամասերը շատ մոտ են: Իսկ եթե որևիցե բան տեսել եք, օրենքը նման սցենարներ ունի՝ Դուք ինքներդ պիտի արձանագրեիք, բողոքեիք, քննարկվեր, էնպես որ՝ զանգվածային միջոցառումը յուրաքանչյուրիս մոտ տարբեր տպավորություններ կունենա: Դրա համար բողոքի մեխանիզմը պետք է արձանագրել»:

Այնուհետ Գ. Սահակյանը հավելեց. «Կարծում եմ՝ որևէ արտառոց դեպքեր չեն եղել, որևէ լարվածություն չի նկատվել, իսկ տեսակետները կարող են բազմաթիվ լինել, որովհետև մրցակիցներ են, և յուրաքանչյուրի աչքում յուրովի է թվում նաև ամբողջ գործառույթը»:

Տեսանյութեր

Լրահոս