Բաժիններ՝

Արթիկի թեմը՝ սրբատառ կոնդակով

Դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի արարողության ընթացքում Հայրապետական սրբատառ կոնդակով Հայաստանում Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքերն առանձնացվեցին Շիրակի թեմից և հռչակվեցին իբրև մի նոր` Արթիկի թեմ: Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Հայրապետական կոնդակում, որն ընթերցեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, մասնավորապես ասված է. «Փառք ենք բարձրացնում առ Աստված և մեր Եկեղեցու բարեպաշտ զավակների հետ կիսում Մեր սրտի անհուն ուրախությունը, որ Տերը պարգևում է մեզ Իր առատ շնորհները` պայծառացնելով մեր Եկեղեցին, արդյունավորելով քարոզությունը Իր Սուրբ Ավետարանի, բազմապատկելով թիվը Իր Սուրբ Սեղանի սպասավորների և նորոգված ու նորակառույց եկեղեցիների, շենացնելով նաև մեր նվիրական հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը Իր բյուր օրհնությամբ միավորում է ազգս ի սփյուռս աշխարհի ու հավատքի լույսը ծագեցնում համայն հայոց վրա:

Հոգևոր-եկեղեցական մեր կյանքի այս բարեհույս ընթացքները հրամայական են դարձնում նաև համայնքների վերակազմակերպումը` ի շահ Մեր զավակների հոգևոր խնամքի: Վերջին տարիներին Հայրապետական սրբատառ կոնդակով Մենք` ընդառաջ անհրաժեշտություններին, հռչակեցինք Ֆրանսիայի hայոց թեմի և Հայաստանում Վայոց ձորի ու Տավուշի թեմերի ստեղծումը: Այսօր Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքները ևս անհրաժեշտությունն ունեն համախմբվելու որպես մեկ թեմ, որպեսզի եկեղեցավարչական գործունեութեան առավել արդյունաւոր կազմակերպմամբ առավելագույնս հոգացվեն հոգևոր կարիքները Մեր զավակների և մատուցվող մշտական պաշտամունքով, Տիրոջ խոսքի մշտահունչ քարոզությամբ զորանա ու պայծառանա նրանց հոգևոր կյանքը, նրանց սրտերում անսասան մնան հավատարմությունն ու նախանձախնդրությունը մեր Սուրբ Եկեղեցու և նվիրական արժեքների հանդեպ:

Արդ, Հայրապետական այսու կոնդակով Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքներն առանձնացնում ենք  Շիրակի թեմի կազմից և հռչակում ենք ստեղծումը Արթիկի թեմի: Նորաստեղծ թեմի Առաջնորդի պաշտոնում ծառայության ենք կոչում Գերաշնորհ Տ.  Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին: Թեմի հոգևոր իրավասության սահմանը հաստատում ենք Արթիկի տարածաշրջանը` Հայրապետական կոնդակին կից գրությամբ ներկայացված համայնքներով: Տիրախնամ թեմի հավատավոր Մեր զավակներին հայրաբար հորդորում ենք, որ ըստ ամենայնի սիրով աջակից լինեն Թեմակալ Առաջնորդին` ի շինություն և ի զորություն նորաստեղծ թեմի:

Մենք վստահ ենք, որ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի առաջնորդությամբ և քաջեռանդ գործունեությամբ պիտի բարգավաճի Արթիկի թեմը, և նոր ձեռքբերումներով պիտի զարդարվի Մեր բարեպաշտ հայորդյաց ազգային և հոգևոր-եկեղեցական կյանքը: Արթիկի թեմի հաստատման այս ուրախ առիթով շնորհավորում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում թեմակալ առաջնորդին, թեմի հոգևոր դասին և բարեպաշտ հաւատացյալներին: Մեր գնահատանքն ենք բերում Շիրակի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին,  մարզային իշխանություններին ներդրած բարի ջանքերի համար` ի խնդիր Արթիկի հավատավոր հայորդյաց հոգևոր-եկեղեցական կյանքի զորացման և տարածաշրջանում մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման:

Աղոթում ենք առ Բարին Աստված, որ միշտ ծաղկյալ պահի Արթիկի թեմը` մշտատև խաղաղություն, բարօրություն և հաջողություններ շնորհելով մեր ժողովրդի հավատավոր զավակներին: Թող Աստված հանապազ օրհնությամբ Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին, և թող հավետ պայծառ ու անսասան լինի Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

«Հաստատո՛ւն կացէք ի հաւատս, ժրացարո՛ւք, զօրացարո՛ւք: Ամենայն ինչ ձեր սիրո՛վ լիցի» (Ա Կորնթ. 16.13-14)»:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը նորանշանակ առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին հանձնեց Արթիկի թեմի հռչակման կոնդակը` մաղթելով նրան արգասավոր ծառայություն ի պայծառություն Արթիկի թեմի և բարօրություն հավատավոր ժողովրդի:

Ս. Պատարագին ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս