«Գյուղատնտեսական կոոպերացիաների ստեղծումը կնպաստի ՀՀ գյուղոլորտի զարգացմանը». Սերգո Կարապետյան
ՀՀ գյուղատնտեսության ոլորտը կզարգանա կոոպերացիաների ստեղծման դեպքում: Այս մասին 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
«Գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության առաջատար ոլորտներից մեկը լինելու հետ մեկտեղ, ոլորտի բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս բավականին ցածր է, որի հիմնական պատճառներից են հանրապետության գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը, գյուղատնտեսական արտադրության ցածր եկամտաբերությունը և գյուղատնտեսությունում տնտեսավարման ձևերի, մասնավորապես կոոպերացիայի զարգացման դանդաղ ընթացքը»,- ասաց Ս. Կարապետյանը:
Ըստ գյուղնախարարի, կոոպերացիայի փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ մասնավոր հատվածի արտադրողների (հատկապես մանր և միջին) հնարավորություններն առավելագույնս արդյունավետ օգտագործվում են կամավորության սկզբունքներով, միավորման և համատեղ արտադրատնտեսական գործունեության իրականացման դեպքում:
«Գյուղատնտեսական կոոպերացիայի արդյունավետ կիրառումն ու օգտագործումը կարող է վճռորոշ դեր խաղալ հանրապետության ներկա ագրարային խնդիրների հանգուցալուծման և գյուղատնտեսության հետագա զարգացման գործում: Սակայն, փաստն այն է, որ հանրապետության գյուղատնտեսությունում դանդաղ են ընթանում կոոպերացման գործընթացները, գյուղացիներն աշխատում են մասնատված, դժվարությամբ են ձևավորվում նրանց խնդիրների համատեղ լուծման նպատակով միավորվող կառույցները»,- ասաց գյուղնախարարը:
Նշենք, որ, ՀՀ կառավարության 2012թ. գործունեության միջոցառումների ծրագրում ներառվել է գյուղատնտեսությունում կոոպերացիայի զարգացման հայեցակարգի մշակումը և ընդունումը, ինչպես նաև` ընթացիկ տարում կառավարության կողմից գյուղատնտեսության նախարարության համար սահմանված 4 գերակա խնդիրներից մեկը համարվել է գյուղական համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը:
Հանրապետությունում կամավորության սկզբունքով կոոպերացիայի բնագավառում համակարգված քաղաքականություն իրականացնելու համար նախարարաության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման հայեցակարգի» նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն:
Հայեցակարգի ընդունումից հետո՝ հիմք ընդունելով նրա դրույթները, նախատեսվում է մշակել «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը պետք է կարգավորի կոոպերացիայի բնագավառում հարաբերությունները: Թեև կոոպերացիաների ստեղծումը համարվում է ՀՀ գյուղատնտեսության գերակա խնդիրներից մեկը, սակայն գյուղացիական տնտեսությունների կողմից կոոպերացիների ստեղծումը նույնացվում է կոլխոզների հետ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախագահ Սերգո Կարապետյանը, մեծ աշխատանքներ են տարվում գյուղացիների շրջանում այդ կարծրացած մտածելակերպը կոտրելու համար: