Հերթական պետական մարմինն իր անգործությամբ է խոչընդոտում թեկնածուի ընտրական իրավունքի պաշտպանությունը. Ս. Սաֆարյանի շտաբ

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, ժամը 18:00-ին վարչական վարույթի շրջանակներում քննելով պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումը, Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը մերժել էր քվեարկության օրը ՏԸՀ-ներում սովորական թանաքանյութ օգտագործելու մասին նրա առաջարկությունը:

Այս մասին հայտարարել է Թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի շտաբը:

Թեկնածու Ս.Սաֆարյանի նախընտրական շտաբը մասնավորապես հայտարարել է.

«Այսօր` դեկտեմբերի 1-ին Ստյոպա Սաֆարյանը և նրա լիազոր ներկայացուցիչները պատրաստել էին ԿԸՀ հիշյալ որոշումը վիճարկող վարչական գործ՝ ուղղված Վարչական դատարանին: Սակայն, Ս.Սաֆարյանի լիազոր ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ժամը 17:00-ին չի կարողացել դատարանում մուտք անել բողոքը, քանի որ բացի շենքը հսկող ոստիկաններից, որևէ մեկը չի եղել այնտեղ:

Սեդա Սաֆարյանը հարկադրված է եղել բողոքի 1 օրինակը պատվիրված նամակով ուղարկել ԿԸՀ-ին, սակայն գործն այդպես էլ դատարան մուտք անել հնարավոր չի եղել: Ակնհայտ է, որ վարչական դատարանը չի կարող ոչ այսօր, և ոչ էլ վաղը վարույթ ընդունել և քննել գործը:

Արձանագրում ենք, որ հերթական պետական մարմինը, այս անգամ էլ՝ իր անգործությամբ է խոչընդոտում հազարավոր ընտրողների (որոնք իրենք են Սաֆարյանին խնդրել քվեարկության օրն ապահովել չցնդող թանաքանյութի օգտագործում) ու թեկնածուի ընտրական իրավունքի պաշտպանությանը»:

Տեսանյութեր

Լրահոս