Բաժիններ՝

Ոստիկանությունը դադարեցրեց Վարդան Ղուկասյանի գազալցակայանի շինարարությունը

Գյումրու քաղաքապետարանը Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի՝ Գյումրու կենտրոնում կառուցվող գազալցակայանի շինարարությունը դադարեցնելու համար դիմել է իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, ավելի վաղ galatv.am-ը գրել էր, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրու Գ. Նժդեհի փողոցում՝ Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող բնակելի շենքերի հարևանությամբ, կառուցում է գազալցակայան:

Խնդիրն այն է, որ տարածքը սեփականաշնորհվել է Վ. Ղուկասյանի օրոք, սակայն ըստ տեղեկությունների՝ մանկապարտեզ կառուցելու համար, այլ ոչ թե գազալցակայան: Բացի այդ, շինարարություն սկսելու համար անհրաժեշտ է եղել արդեն նոր քաղաքապետի՝ Ս. Բալասանյանի թույլտվությունը, սակայն առանց թույլտվության սկսել են շինարարությունը:

«Տարածքը պատկանում է «Դանիկո» ՍՊԸ-ին: Առաջին անգամ նոյեմբերի 12-ին է տուգանվել ընկերությունը՝ 200 հազար դրամով, երկրորդ անգամ՝ նոյեմբերի 27-ին 2.5 միլիոն դրամի չափով, և, համաձայն գործող օրենքի, եթե շարունակում են անթույլատրելի շինարարությունը երկրորդ անգամ տուգանելուց հետո, այդ դեպքում հարուցվում է քրեական գործ: Քաղաքապետարանն իր գործն արել է, այնպես որ՝ մնացածը իրավապահ մարմինների գործն է»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետարանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը:

«Տարածքը ավելի վաղ սեփականաշնորհված է եղել, բայց սեփականաշնորհված լինել դեռ չի նշանակում շինարարություն անելու թույլտվություն ունենալ: Գազալցակայանի համար առանձին պահանջներ կան, բնակավայրին մոտ լինելու հարցեր կան, փորձագիտական եզրակացության անհրաժեշտություն և այլն, բայց հարցը այդտեղ չի հասել: Ընդհանրապես շինարարություն սկսելու թույտվություն չի եղել»,- ասել է Զ. Եգանյանը:

Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը ԳԱԼԱ-ին փոխանցել է, որ շինարարությունը ոստիկանության միջամտությունից հետո դադարեցված է: «Բայց նման դեպքերում քրեական գործ չեն հարուցում մինչ նախաքննություն: Կողմերը կարող են դատարան մտնել ու իրենց հարցերը էնտեղ հստակեցնել, իսկ շինարարությունը դադարեցված է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս