Վերաքննիչ դատարանում կքննվի Մանրիկյանների կրկնակի բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, դեկտեմբերի 3-ին կքննի ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության արդեն նախկին ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի և լրագրող Ռուբեն Գրդզելյանի դեմ գործով վերաքննիչ բողոքները:
Ռուբեն Գրդզելյանին մեղադրանք էր առաջադրվել 2012թ. մայիսի 12-ին Երևանի Տ. Մեծի փողոց 36-րդ շենքի բակում վիճաբանելու ու դիտավորությամբ Մեսրոպ Մանրիկյանի դեմքին ձեռքով հարվածելու ու նրան առողջությունը կարճատև քայքայող մարմնական վնասվածք պատճառելու, իսկ Ալբերտ Մանրիկյանին՝ դիտավորությամբ հոր` Մեսրոպ Մանրիկյանի հետ վիճաբանության մեջ մտած Ռուբեն Գրդզելյանի դեմքին ձեռքով հարվածելու համար, ինչի հետևանքով վերջինս ստացել է առողջությունը կարճատև քայքայող մարմնական վնասվածք:
Գործը վերաքննիչ դատարանում քննվում է Ալբերտ Մանրիկյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանի և տուժող Մեսրոպ Մանրիկյանի բողոքների հիման վրա: Բողոքներում կողմը միջնորդում է բեկանել Ռ. Գրդզելյանին ՀՀ քր.օր. 117 հոդվածով՝ Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. հոկտեմբերի 9-ի դատավճիռը և նրա նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ: Միաժամանակ նույն կողմը մեկ այլ բողոքով միջնորդում է բեկանել հիշյալ դատարանի` Ալբերտ Մեսրոպի Մանրիկյանի նկատմամբ ՀՀ քր.օր. 117 հոդվածով 50.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին դատավճիռը և նրա նկատմամբ քրեական գործով վարույթը կարճել:
Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 9-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել էր ամբաստանյալ Ռուբեն Գրդզելյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան արդարացրել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Դատարանn ամբաստանյալ Ալբերտ Մանրիկյանին մեղավոր էր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցանքում և դատապարտել նրան տուգանքի նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 ՀՀ դրամ գումարի չափով։