Խոշոր պայթյուն` Հրազդանում գործող գազալցակայանում
Այսօր` դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13.00-ի սահմաններում Հրազդան քաղաքից դեպի Ծաղկաձոր ընկած ճանապարհահատվածի աջ կողմում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գազալցակայանը գտնվում է «Սթար» սուպերմարկետի հարևանությամբ, և երբ «Գազ 3110» մակնիշի 09 ՏՕ 716 համարանիշի ավտոմեքենայի վարորդը լիցքավորման նպատակով մեքենան կայանել է 3-րդ «սեկցիայում», լիցքավորման ժամանակ դեռևս անհայտ պայմաններում ավտոմեքենան պայթել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հավաքվածները պատմում են, որ ավտոմեքենայի գազաբալոնը եղել է ամյակի գազաբալոն, և պայթելուց հետո գազաբալոնի որոշ դետալներ շպրտվել և վնասել են այդ պահին այնտեղ կայանած «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի 33 ՏT 858 համարանիշի ավտոմեքենան:
Պայթյունի հետևանքով «Գազ 31»-ն ամբողջությամբ վնասվել է: Բարեբախտաբար, այս պահի տվյալներով, զոհեր և վիրավորներ չկան:
Արդեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` Հրազդանի ոստիկնապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:
Քննիչների կանչով, դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը և Կոտայքի մարզի գազի անվտանգության ծառայության պատասխանատուները: Ոստիկանությունը փորձում է պարզել ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:
shamshyan.com