Բախվել են հարսանեկան արարողության մեկնող ավտոմեքենաները. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր` դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 10:00-ի սահմաններում Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 21015» մակնիշի 23 ՍԼ 906 համարանիշի և «ՎԱԶ 2109» մակնիշի 14 ԼԼ 123 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2109»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորն ու «ՎԱԶ 21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Մահացածին և վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել ու ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղացիներն ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը:

Այս պահին վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ- քննչական խումբը` Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական աշխատանքներ` պարզելու համար մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է մահացածի և վիրավորների տվյալները:

Վթարի հետևանքով մահացել է Արթիկ քաղաքի բնակիչ` 27-ամյա Արմեն Դարբինյանը, ով վարել է «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան , իսկ վիրավորներն են` «ՎԱԶ 21015»-ի վարորդ, Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 42-ամյա Հովհաննես Գևորգյանը և նրա ուղևոր` նույն գյուղի բնակիչ 32-ամյա Լուսինե Ղամբարյանը:

Վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի ենթարկված 2 ավտոմեքենաների վարորդներն ու ուղևորն ազգականներ են, և պատրաստվում էին հարսանեկան արարողության: Ուղևորուհի Լ. Ղամբարյանի հարսանիքն էր լինելու, իսկ մահացածը` փեսացուի եղբայրն է եղել:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս