Դավիթաշենի «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ բախվել են «Մերսեդեսն» ու «Օպելը». կան վիրավորներ (լուսանկարներ)
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում, Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում, «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 26-ամյա Հայկ Հակոբջանյանի կողմից վարած «Մերսեդես Բենս E200» մակնիշի 29 ՕԼ 596 համարանիշի և Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 24-ամյա Արթուր Ղազինյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 88 RR 909 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան այնպես էր վնասվել, որ վիրավորին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները: Նրանք հատուկ տեխնիկայի գործադրմամբ կարողացան դուրս բերել երիտասարդ վիրավոր տղային, որին էլ շտապբուժօգնության բրիգադը տեղափոխեց հիվանդանոց:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները: Փրկարարական աշխատանքները կատարելուց հետո հրշեջները ասֆալտի լվացման աշխատանքներ կատարեցին, քանի որ վթարի հետևանքով վառելանյութի արտահոսք էր տեղի ունեցել:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ ԱՆդրանիկ Փարսադանյանը: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք:
shamshyan.com