«Մերսեդես» և բնակարան` Արսեն Գալստյանին
Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի Դաշնության հավաքականի կազմում առաջին ոսկե մեդալը նվաճած հայազգի ձյուդոյիստ, 23-ամյա Արսեն Գալստյանը Կրասնոդարի երկրամասի շինարարական ընկերություններից մեկի կողմից որպես պարգև կստանա «Մերսեդես» մակնիշի մեքենա և ամբողջությամբ կահավորված 60 քմ մակերեսով բնակարան: Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, ընկերությունը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը այդ առիթով տարածել է հայտարարություն, որում նշված է. «23-ամյա մեր հայրենակցի հաղթանակը օլիմպիական չեմպիոն դաստիարակած ամբողջ երկրամասի ձյուդոյի ֆեդերացիայի հաղթանակն է»:
Ընկերության մասին հայտնի է միայն, որ այն հովանավորում է Կրասնոդարի ձյուդոյի ֆեդերացիան: Ի դեպ, Արսեն Գալստյանը նախկինում երկու անգամ ցանկացել է թողնել այս սպորտաձևը: Նրա անունը աշխարհին հայտնի դարձավ նաև այն բանից հետո, երբ տարածվեցին լուսանկարներ, որոնցում Արսեն Գալստյանը ձյուդոյի գորգին է գցում այդ սպորտաձևի սիրահար Վլադիմիր Պուտինին: «Մի անգամ ես նրան գցել եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչը ինձ նման հնարավորություն տվել է»,- այդ առթիվ ասել էր Արսենը: Հիշեցնենք, որ ոսկե մեդալը նա նվաճեց հուլիսի 28-ին` հաղթելով ճապոնացի Հիրոակի Հիրաոկային: