Բաժիններ՝

Դիմանա՞լ գայթակղությանը, թե՞ պաղպաղակ ուտել

Պաղպաղակի երևանյան շուկայում ներկայումս ստուգումներ են իրականացվում, և արդեն իսկ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը։
«Խոշոր ընկերությունների արտադրանքներում կար մակնշման խախտում: Դա, իհարկե, չի նշանակում, որ սննդամթերքը վտանգավոր է: Իսկ լաբորատոր փորձաքննությունից հետո պարզ կդառնա, թե միայն մակնշման հետ կապված խնդիր կա՞, թե՞ այլ խախտումներ էլ կան»,- ասել է Պիպոյանը` ավելացնելով, որ փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան մի քանի օրից։ Մակնշման խախտումներ հայտնաբերվել են «Armsweet», «Երևան կաթ», «Շանթ», «Աշտարակ կաթ» և «Թամարա» ընկերությունների դեպքում։
Օրեր առաջ Բ. Պիպոյանը 168.am-ին տեղեկացրել էր, որ ստուգումները պետք է կատարվեին դեռևս հունիս ամսվա ընթացքում։ «Սակայն հունիսի կեսերին եղանակային առումով Հայաստանում պաղպաղակի սպառման ցուցանիշներն անկում ապրեցին, կազմակերպությունները ողջ հունով չէին արտադրում արտադրանք, բնականաբար, ստուգումները ժամանակավորապես դադարեցվեցին»,- նշել էր Պիպոյանը` հավելելով, որ գործընթացը ոչ թե պոպուլիստական նպատակներ է հետապնդում, այլ իրենք փորձում են վերահսկողություն իրականացնելով լայն սպառում ունեցող ապրանքների արտադրման նկատմամբ` քաղաքացիներին ապահովել անվտանգ սննդամթերքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս