Պատգամավորի որդու բնակարանում զենք է հայտնաբերվել

Երեկ՝ հուլիսի 18-ին  ժամը 21.00-ի սահմաններում Երևան քաղաքի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հավաքվել էին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ: Մոտ 6 ժամից ավել մեծ թվով ոստիկաններ նշված շենքի մոտից փորձում էին Ոստիկանություն տեղափոխել մայթին կայանված «Մերսեդես Ջի» մակնիշի 005 ՕՕ 05 համահամարանիշի ավտոմեքենան: Նշված ավտոմեքենան պատկանում է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանին և այն Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանման տարածք: Մեքենայի տեղափոխումը Ոստիկանություն կապված էր երեկ գիշեր տեղի ունեցած մի միջադեպի հետ, որի մեջ կասկածվում է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին՝ Արտակ Գևորգյանը, ով, ըստ տեղեկությունների, գինովցած վիճակում և զենքի սպառնալիքով ավտոմեքենա էր առևանգել:

Մասնավորապես, երեկ գիշեր՝ ժամը 03.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առևանգել էր իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 30-ամյա Արտակ Գևորգյանը նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ, իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել էր Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:

Արտակ Գ.-ն ձերբակալվել էր, իսկ Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն օրը երեկոյան, ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Արտակ Գևորգյանին պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ: Հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս