Կասյանի շուկան վերաբացվեց
Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում տոնական հանդիսավորությամբ այսօր վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նախարար Կարապետյանը հիշեցրեց, որ շուկան իրենք բացել էին անցյալ տարի, իսկ այս տարի արդեն, ըստ նրա, եղած թերությունները շտկվել են:
«Եղած բացթողումները չեն կրկնվի: Առաջինն այն է, որ այստեղ միայն գյուղացիներն են առևտուր անում, վերավաճառողներ չկան, խիստ հսկողություն է: Մենք ունենք աշխատակիցներ, որոնք հետևում են՝ տեղեկանքներով գալիս են և բոլորը տարբեր մարզերի գյուղերից են»,- ասաց նա և ավելացրեց, որ այստեղ գյուղմթերքները թարմ են, իսկ գները՝ հասանելի են բոլորին:
Նա տեղեկացրեց, որ հաշվի առնելով պահանջարկը՝ 20 օրից կբացվի նաև երկրորդ նմանատիպ տոնավաճառը, որը կլինի «Այրարատ» կինոթատրոնի մոտ: «Եթե անհրաժեշտություն լինի երրորդ շուկան էլ կբացենք»,- նշեց նա և ավելացրեց, որ դրանով հակակշիռ կստեղծվի մյուս շուկաների վերավաճառողների հետ: «Մեր նպատակը դա է, որպեսզի գները նորմալ լինեն և նաև գյուղացի-քաղաքացի կապը վերականգնենք»,- ասաց նա:
Սերգո Կարապետյանը նշեց, որ այս շուկայում տեղերի քանակը 160-ն է, իսկ նոր շուկայում արդեն, այն կհասցվի շուրջ 200-ի:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դրական գնահատականը նույնպես չուշացավ: Նա նշեց, որ գյուղնախարարի հետ արդեն պայմանավորվածություն կա, ըստ անհրաժեշտության՝ շուկաների քանակն ավելացնելու: «Մենք պատրաստ ենք տարածքներ հատկացնել»,- ասաց նա՝ նշելով, որ նման պահանջը կա նաև Կենտրոն վարչական շրջանում: