Վրաստանի բանկերից մեկի փայատերը հայկական բանկ է
Հայկական բանկերից մեկը Վրաստանի բանկերից մեկի փայատերն է: Այդ մասին, այսօր` հունիսի 29-ին, Դիլիջանում ընթացող հայ-վրացական ֆինանսական շուկաների վերաբերյալ համատեղ քննարկումների ընթացքում հայտարարեց Վրաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավար Գայոզ Սանաձեն: Նրա տեղեկացմամբ` վրացական ֆինանսական շուկայում ակտիվ գործունեություն են իրականացնում նաեւ թուրքական, ադրբեջանական, ուկրաինական բանկերը: Գայոզ Սանաձեի տեղեկացմամբ` Վրաստանի ֆինանսական համակարգում կան 19 բանկեր, 15 ապահովագրական ընկերություններ, 7 կենսաթոշակային ֆոնդեր (սխեմաներ), 61 միկրոֆինանսական ընկերություններ: Վրաստանի բանկային համակարգն աչքի է ընկնում կենտրոնացվածության մեծ աստիճանով: Ակտիվների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 4.8 մլրդ դոլար, որից 36%-ը պատկանում է «Բանկ օֆ Ջորջիա»-ին, 27%-ը` TBC-ին, իսկ 9%-ը` «Պրոկրեդիտ բանկ Ջորջիա»-ին: Սակայն Գ. Սանաձեն ասաց, որ մյուս բանկերը ոչնչով չեն զիջում այս երեքին, եւ կենտրոնացվածության այդ բարձր մակարդակը կարող է թուլանալ: