
Էշթոնը ԼՂ բանակցությունների առաջընթացը կապել է ԵՄ ինտեգրման հետ

ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Հայաստան – Եվրամիություն հարաբերությունների զարգացումը եւ բարեփոխումների գործընթացը Հայաստանում:
Ըստ «Ռեգնումի» աղբյուրի, Էշթոնը երախտագիտությամբ է նշել մրցակցային միջավայրի ապահովման գործում Հայաստանի ջանքերը, մայիսյան խորհրդարանական ընտրությունների ընթացքը: Նա ողջունել է նաեւ բարեփոխումների գործընթացի Հայաստանի վերջին ձեռքբերումները Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է հետագա բարեփոխումների անհրաժեշտությունը այլ ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
Էշթոնը նաեւ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանին ռազմական միջադեպերի կապակցությամբ: Նա կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին, որպես ԵՄ գործընկեր երկրների, ակտիվացնել ջանքերը Մադրիդյան սկզբունքների շուրջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ ստանձնած հանձնառությունների կատարման ուղղությամբ: ԵՄ գերագույն հանձնակատարի խոսքերով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը կենսական նշանակություն ունի Հայաստանի ԵՄ-ին քաղաքական եւ տնտեսական ինտեգրման գործում: