Դիմորդ 2012. քննական կարգը փոփոխվել է
Ռուսերենը` օտար լեզու
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից այս տարվա բուհական ընդունելությունների միասնական քննական համակարգում մի շարք փոփոխություններ են կատարվել: Քննական այս կարգը փոփոխվել է ըստ ՀՀ կառավարության որդեգրած կարգախոսի, այն է` «Հեշտ ընդունվել, դժվար սովորել»: Առաջին փոփոխությամբ` ռուսերենը դասվել է օտար լեզուների շարքին: Մինչ այդ այն միջանկյալ դեր ուներ: Այժմ ռուսաց լեզվի քննություն կարող են հանձնել այն դիմորդները, որոնց նախընտրած մասնագիտությունները պահանջում են օտար լեզվով քննություններ: Եթե նախորդ տարիներին դիմորդները պահանջվող օտար լեզվի համար կարող էին հանձնել ռուսերեն լեզվից բացի, այլ օտար լեզուներ (անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն), ապա այս տարի դիմորդները ունեն նաեւ ռուսերենը որպես օտար լեզու հանձնելու հնարավորություն: Երկրորդ փոփոխությունը կատարվել է Պաշտպանության նախարարության (ՊՆ) առաջարկով: Եթե մինչ այդ քննական արդյունքները ավելի ուշ էին ամփոփվում` օգոստոսի 5-ին, ապա այս տարի կամփոփվեն հուլիսի 15-ին: Քննական արդյունքների վաղաժամկետ ամփոփումն ուղղված է ժամկետային զինծառայության ենթակա դիմորդներին: Հուլիսի 15-ին պարզ կլինի քննական շեմը հաղթահարած դիմորդների արդյունքները: Իսկ քննական շեմը չհաղթահարած ժամկետային զինծառայողները կկարողանան ժամանակին մեկնել ծառայության:
Բանա՞կ, թե՞ բուհ
Եթե պարտադիր զինծառայության ենթակա դիմորդներն ընդունվել են վճարովի ուսուցման համակարգով, ապա նրանց տեղերը կպահպանվեն, եւ զինծառայությունից հետո նրանք կկարողանան սկսել իրենց ուսումը: Անվճար ուսուցման համակարգով ընդունված դիմորդները կօգտվեն տարկետման հնարավորությունից: Այն դիմորդները, ովքեր ստացել են դրական գնահատականներ, սակայն իրենց միավորները բավարար չեն նախընտրած բաժինն ընդունվելու համար, կարող են վերահանձնման միջոցով ընդունվել թափուր մնացած մասնագիտական բաժիններ: Դա չի նշանակում, որ դիմորդները պետք է վերահանձնեն քննությունները: Դիմորդը թափուր մասնագիտական տեղերի համար կարող է պայքարել միայն այն դեպքում, եթե ունի քննություններից ստացած դրական միավորներ:
2012թ. դիմորդները
Այս տարի բուհական հաստատություններ առաջին փուլով դիմում հայտեր են ներկայացրել 18.107 դիմորդներ (ներառյալ` Լեռնային Ղարաբաղը), մինչդեռ 2010թ. նրանց թիվը 17.656 էր: 2010թ. Երեւանից հայտագրվել էր 6161 դիմորդ, այս տարի` 5983: ԼՂՀ-ում 2010թ. կար 876 դիմորդ, այս տարի` 1260: Սյունիքում 2010թ. 838 դիմորդ է եղել, այս տարի` 937, Վայոց Ձորում 2010թ. 381 դիմորդ է եղել, այս տարի` 408, Տավուշում 2010թ. 728 դիմորդ է եղել, այս տարի` 784:
Լրացուցիչ քննությունների անցկացման կանոնակարգը
Լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել պարտադիր զինվորական ծառայության 2012թ. զորացրվածները, կամ նախորդ տարիներին զորացրվածները, որոնք այսօր ցանկանում են մասնակցել քննություններին: Լրացուցիչ փուլին կարող են մասնակցել նաեւ Սփյուռքի, ԱՊՀ-ի, Ջավախքի շրջանավարտները, ինչպես նաեւ նախնական եւ միջին մասնագիտական կրթության 2012թ. շրջանավարտները:
Հնարավորություն է տրվում քննությանը մասնակցել նաեւ այն դիմորդներին, ովքեր միասնական քննությանը հարգելի պատճառներով չէին ներկայացել, կամ քննական առաջին փուլի համար չէին հայտագրվել:
Քննական առաջին փուլի ավարտը հաղթահարված է
Հունիսի 22-ին իր եզրագիծը հաղթահարեց միասնական քննությունների առաջին փուլը: Այս տարի ամենամեծ թվով քննություններ են հանձնվել հայոց լեզու, հայ գրականություն առարկայից`1795 դիմորդ, մաթեմատիկա` 8957 դիմորդ, անգլերեն` 8173, ռուսաց լեզու` 1285 դիմորդ: Եթե 2010թ. հայոց լեզու-հայ գրականություն առարկայից միայն 2 դիմորդ էր հաղթահարել 20 բալանոց գնահատման համակարգի շեմը, ապա այս տարի նրանց թիվը 200 էր: Հիշեցնենք, որ միասնական քննություններին մասնակցել ցանկացող դիմորդների հայտագրումը սկսվել էր դեռ փետրվարից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում: Հունիսի 23-ից ԳԹԿ-ն սկսել է լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը: Այն կտեւի հուլիսի 2-8-ը: Ի տարբերություն առաջին քննական փուլի, երկրորդ միասնական քննությունները կկենտրոնացվեն միայն մայրաքաղաքում` մեկ կամ երկու քննակենտրոնում:
Իսկ այսօրվանից մեկնարկել են բանավոր քննությունները` օտար լեզուներից, ինչպես նաեւ հայոց լեզու եւ հայ գրականություն առարկաներից:
Մեկնարկել են նաեւ ներբուհական քննությունները` նեղ-մասնագիտական առարկաներից (դերասանի վարպետություն, բեմական խոսք): 2012թ. միասնական քննության արդյունքները կամփոփվեն հուլիսի 15-ին:
Աիդա ՂԱՐԻԲՅԱՆ