Մեկնարկեց հայ-ավստրիական գործարար համաժողովը
Քիչ առաջ տեղի ունեցավ «Հայաստան-Ավստրիա» գործարար համաժողովը, որը կազմակերպվել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան կատարած այցի շրջանակներում՝ Զարգացման հայկական գործակալության կողմից: Համաժողովի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Ավստրիայի Հանրապետության դեսպանատան կոմերցիոն խորհրդատու Դիտմար Ֆելները, Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, Ավստրիայի դաշնային տնտեսական պալատի տարածաշրջանային տնօրեն Հայնց Վալտերը:
Համաժողովի մասնակիցներին ներկայացվեց Հայաստանի և Ավստրիայի գործարար ներդրումային միջավայրի, ինչպես նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ նկարագրեր:
Միջոցառումը հնարավորություն է ընձեռելու միմյանց գործարար առաջարկներ ներկայացնել։ Համաժողովի շրջանակներում հանդիպումները կնպաստեն նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Համաժողովը կավարտվի այսօր երեկոյան` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և Ավստրիայի էկոնոմիկայի նախարար Ռայնհոլդ Միտերլեների ուղերձներով:
Միայն նախորդ տարի Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 50.5 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից արտահանումը կազմել է 2.7 մլն դոլար, իսկ ներկրումը` 47.7 մլն դոլար: Հայաստանից Ավստրիա հիմնականում արտահանվել է պղինձ և պղնձյա այլ իրեր, սև մետաղներ, ալյումին և ալյումինե իրեր: Ներմուծվել են բնական և արհեստական մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, միջուկային ռեակտորներ, մեխանիկական սարքավորում, շաքար և շաքարից պատրաստված հրուշակեղեն: